Դդմիկով բլիթներ․ համեղ, օգտակար, խրթխրթան, որոնք կկարողանա պատրաստել յուրաքանչյուր ոք

Հերթական հրաշալի բաղադրատոմսն ենք բերել, որը ձեր մտերիմներին, հարազատներին և ընկերներին կարող է հավաքել մեկ սեղանի շուրջ և է՛լ ավելի մտերմացնել։ Համեղ սեղանի շուրջ ծավալվում են ամենաջերմ ու ամենամտերմիկ զրույցները։ Ներկայացնում ենք ամենաօգտակար բանջարեղեններից մեկի՝ դդմիկի բաղադրությամբ համեղ ուտեստ, որը, հավատացեք, կհիացնի ձեզ իր նուրբ համով։ Դդմիկով նման բլիթներ կամ կոտլետներ շատերն են պատրաստում, սակայն յուրաքանչյուրն այս հարցում ունի իր մոտեցումը։ Ներկայացնում ենք դրանցից մեկը։

Նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝

4 դդմիկ, քերած

Աղ — 1 թ.գ.

Ալյուր — ½ բաժակ

Պարմեզան պանիր — ½ բաժակ, քերած

1 հավկիթ

Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի, մանրացված

Սխտոր — 2 պճեղ, ճզմած

Սև պղպեղ — ½ թ.գ.

Ձիթայուղ՝ տապակելու համար

Այժմ պատրաստման մասին․ քերած դդմիկն անցկացնել մաղով, աղ անել։ Թողնել ջրքամվի 10 րոպե։ Ապա ձեռքերով քամել։ Ավելացնել մնացած բաղադրիչները, լավ խառնել։

Ձեթը տաքացնել, 2 ճ.գ.֊ի չափով խյուսից բլիթներ պատրաստել, տապակել երկու կողմից։ Կարող եք պարմեզան պանիրը փոխարինել չեդար կամ մոցարելլա պանրով։

Ալյուրի փոխարեն կարող եք պաքսիմատ ավելացնել, ավելի խրթխրթան կստացվի։ Ըստ ճաշակի` կարող եք ավելացնել ռեհան, համեմ կամ սամիթ։

Понравилась статья? Поделиться с друзьями: