Կուրիլյան կղզիներում ժայթքել է Ռայկոկե հրաբուխը՝ հաշված ժամերի ընթացքում շուրջն ամեն ինչ ոչնչացնելով

Կուրիլյան կղզիներում արթնացել է Ռայկոկե հրաբուխը։ Մարտին Կամչատկայում ժայթքել է Շիվելուչ հրաբուխը։ Դրա արտանետած մոխրի ծուխը ծովի մակարդակից 4․5 կմ բարձրության էր։

Հրաբուխն ակտիվացել է շուրջ 100-ամյա լռությունից հետո և 12 ժամվա ընթացքում ինը ժայթքում իրականացրել՝ օդ արտանետելով մոխրի սյուներ։

Գիտնականների խոսքով՝ համանուն կղզում այդ հզոր պայթյունը հանգեցրել է բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանը։

Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 551 մետր է, հրաբխի խառնարանի շառավիղը 700 մետր է, խորությունը՝ 200։ Տվյալ պահին գոլորշու և մոխրի պարբերականությունը նվազել է, և մոխիրն ընկնում է 2 կմ բարձրությունից։ Հետազոտողներն ընդգծում են, որ առաջիկայում Ռայկոկեի նոր ժայթքումներ չեն կանխատեսվում։

Սակայն, գիտնականների կանխատեսումներով, առաջիկայում կարող են արթնանալ Կուրիլյան կղզիների մյուս հրաբուխները։

Նշենք, որ Կուրիլյան կղզեխումբը գտնվում է Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում։ Յուրաքանչյուր կղզի մեկ առանձին հրաբուխ է կամ հրաբուխների շղթա։ Կղզեխումբն ընկած է ճապոնական Հոկայդո կղզու և ռուսական Կամչատկա թերակղզու միջև՝ այդ իսկ պատճառով յուրովի «կռվախնձոր է» Ռուսաստանի և Ճապոնիայի միջև։

Понравилась статья? Поделиться с друзьями: