Անչափ ցավալի դեպք է տեղի ունեցել Նոր Մոսկվայում․ 22 տարեկանում մահացել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի սան Իննոկենտի Սամոխվալովը, որը հանդես էր գալիս «Կազանկա» ակումբում, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
Պաշտպանն իրեն վատ է զգացել անհատական մարզման ընթացքում։ Ողբերգության մանրամասները ճշտվում են։
«Կեշան բարի ու կամեցող մարդ էր, լավ ընկեր։ «Լոկոմոտիվը» ցնցված է կատարվածից։ Սա մեծ դժբախտություն է մեր ընտանիքի համար։ Մեր ցավակցություններն ենք հայտնում Իննոկենտիի հարազատներին ու մտերիմներին»,- նշված է հայտարարության մեջ։
Իննոկենտին ամուսնացած էր, ուներ որդի։
Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիշինի խոսքով՝ Իննոկենտիի մոտ սրտային անբավարարություն է եղել։
«Միայն այդքանը գիտեմ։ Բոլորս հիմա կարանտինի մեջ ենք, մարզումներ չկան։ Սարսափելի է․․․ Եթե բժշկությունը թույլատրել է նրան մարզվել, ուրեմն առողջական խնդիրներ չի ունեցել։ Գրել են մեզ՝ սրտի անբավարարություն էր»,- նշել է մարզիչը։