Քյարամն անմահ է, քանի դեռ մենք ապրում ենք․ մահ իմացյալ՝ անմահություն

Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։ Սպարապետ Գարեգին Նժդեհի այս պատգամով են առաջնորդվել 2016-ի ապրիլյան քառօրյայի հերոսները, որոնք ընկան հանուն հայրենիքի։

Արմենակ Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան․․․ Կորստի կսկիծը մեծ է, սակայն հպարտությունը ևս։

Կապիտան Ուրֆանյանը հեռակապով ամրապնդում է խնդրել ասելով՝ «Որ մեզանից հետո դիրքն անտեր չմնա»․․․ Փշաքաղեցնող խոսքեր, մահ՝ իմացեալ։ Հպարտ ենք Ձեզանով, տղե՛րք։

Ճիշտ է ասված՝ ժամանակն է ծնում հերոսներ։ 2016-ի ապրիլը ծնեց հերոսներ, անհրաժեշտության դեպքում (Աստված մի արասցե) կծնվեն նորերը և կպաշտպանեն մեր հողերը։

Քյարամ Սլոյանը մտերիմ էր կապիտան Ուրֆանյանի հետ։ Նա անգամ ցանկանում էր ծառայությունն ավարտելուց հետո կապիտանին իրենց տուն հրավիրել, գառ մորթել նրա պատվին։ Սակայն, ավա՜ղ։ Մեր եզդի եղբայրը զոհվեց՝ չենթարկվելով կապիտանի՝ դիրքը լքելու հրամանին։ Հո նրան մենակ չէ՞ր թողնելու։ Արմենակն էր՝ իր կապիտանը, վերադասը և վերջապես ընկերը։

Քյարամի ընտանիքում հպարտանում են նրա սխրանքներով՝ չնայած դառը կորստին։ Նրա պատվին են անվանակոչել եղբոր նորածին որդուն։ Քյարամի հարազատների խոսքով՝ իրենց ազգում բոլորը պետք է իմանան, թե ով է եղել Քյարամը, ինչ սխրանք է կատարել։

«Նա անմահ է, քանի մենք ապրում ենք»,-ասում է հերոսի հարազատներից մեկը։

Սլոյանների ընտանիքը Քյարամի մահից որոշ ժամանակ անց ևս մեկ ծանր կորուստ է ունեցել՝ չդիմանալով որդու կորստի ցավին մահացել է նրա հայրը։

Սակայն հայ ժողովրդի եզդի բարեկամները չեն ընկճվում։ Նրանք շարունակում են ապրել՝ ապրել հանուն Քյարամի հիշատակը վառ պահելու, հանուն նոր քյարամներ լույս աշխարհ բերելու, հանուն հայրենի հողը հերոսի արյամբ սրբագործելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: