«Ովքեր կարձագանքեն կամ չէ, քանիսը կհեգնի կամ ձեռք թափ կտա, կկարդա՞ն՝ թե՞ կարհամարհեն․․․» Ազատ Աբրահամյանի հուզիչ գրառումը

Հայտնի երգահան Ազատ Աբրահամյանը գրում է․ «Չգիտեմ պատմությունն՝ ում, ինչ անուն կկնքի, ում կմեծարի, կամ ում կնզովի, բայց անկախություն ապրածներիս համար ճշմարիտն էն է, որ մեզանից էդպես էլ ազգ-պետություն պահողներ դուրս չեկան, տղերք։

Աշխարհին մեծամեծեր տվեցի՜նք, աշխարհը զարգացնող նորարարություննե՜ր, ամենազորեղ զենքերն ու զինատեսակներն ստեղծեցի՜նք, բայց մնացինք նու՜յն «խանութպաններն ու առևտրականները», նու՜յն գաղթականներն ու օտարասերները։

Քոչվորները «դիվանագետներ» դարձան, տարածաշրջանային դերակատարներ, մեր հողերով ու մշակույթով՝ «ազգ ու ժողովուրդ» հռչակվեցին, մենք մեր հազարամյակների պատմությամբ էս մի թիզ հողակտորն էդպես էլ վստահելի ամրոցի չվերածեցինք, որ մարդ տեսներ,նոր հանգիստ էն աշխարհ գնար…

Ամբողջ կյանքում պապերիս Էրգիր գնալու մասին երազեցի՝ ոչ որպես զբոսաշրջություն… Էն դարի մեծերն ասում էին՝ մենք չհասանք, բայց երանի ձեր աչքերին, որ մեր Մուշն ու Սասունը պիտի տեսնեք, մեր պապական օջախները։

— Հավատում էին։ Մինչդեռ մենք նախընտրեցինք աշխարհով մեկ ընկնելու ուրիշությունները, չամրացանք ու չամրացրինք, դե հասնողն էլ եկավ մեջ-մեջ արեց, ու էլի խանութպանություն, «առնողներն» առան ու տվեցին, «տվողների» հարցերն էլ թշնամիներն էկան լուծելու։

— Բա հենց էնպես հո «տունուտեղ» չե՞ն կորցնում, էս ո՞ր դարն է, էն էլ՝ ժողովրդավարություն ասվածում։ Էսօր մեռնելն ի՞նչ է։ Էդքան ջահելի կյանք զոհելուց հետո մարդ ամաչում էլ է մեռնելուց խոսել։ Բայց էսպես թողնել գնալն էլ է, ախր, խայտառակություն։ -Շրջել է պետք։

Ովքեր կարձագանքեն կամ չէ, քանիսը կհեգնի կամ ձեռք թափ կտա, կկարդա՞ն՝ թե՞ կարհամարհեն։ Միևնույն է խոսքս «խանութպաններին» ուղղված չէ։ Հայի տեսակ ունեցողներից որքանի աչքին էլ հասու դառնա՝ ինչ որ բան զարթոնք կապրի, կոգեշնչվի ու կամրանա։ Ուրախ եմ, որ նման եմ պապերիս։ Հավատում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!