«Ողջու՛յն, իմ անունը Լատիֆա է»․ արաբ արքայադստեր պատմությունը, որին փախչել չի հաջողվել

Հայա բինթ էլ-Հուսեյնի փախուստից մեկ տարի առաջ նման քայլի է փորձել դիմել արաբ մեկ այլ արքայադուստր՝ շեյխ Մուհամեդի դուստր Լատիֆան, սակայն ձախողվել է։ Աղջիկն անհետացել է 2018-ի ամռանը։ Դրա հետ միաժամանակ համացանցում տեսագրություն է հրապարակվել, որում աղջիկն ասել է, թե ինչն է իրեն դրդել լքել հայրենիքը։

Արքայադուստր Լատիֆա էլ Մաքթումը երկու անգամ փորձել է փախչել իր երկրից։ Անցած տարի նա փորձել է զբոսանավով լքել ԱՄԷ-ն, սակայն Հնդկական օվկիանոսում ձերբակալվել է։ Միայն 2018-ին Լատիֆան հանդիպել է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի հետ։ Վերջինը հայտնել է, որ արքայադուստրը հոգեկան առողջությունը կայունացնելու համար բուժում է անցնում։

Արքայադստեր փախուստը կարող էր չբարձրաձայնվել, եթե չլիներ նրա տեսագրությունը, որում պատմում է իրենց ընտանեկան կարգերի, հոր դաժանության, մոր և քրոջ հետ փախուստի փորձերի, ինչպես նաև արաբական բանտում անցկացրած երեք տարիների մասին։

«Եթե դուք դիտում եք այս տեսագրությունը, այնքան էլ լավ չէ։ Նշանակում է՝ կամ ես մեռած եմ կամ շատ-շատ վատ վիճակում եմ»։

«Ողջու՛յն, իմ անունը Լատիֆա էլ Մաքթում է»,-այսպես է սկսում իր խոսքն արքայադուստրը։

«Ես ծնվել եմ 1985-ի դեկտեմբերի 5-ին։ Իմ մայրը Հուրիա Ահմեդ էլ Մաաշն է։ Նա Ալժիրից է։ Իմ հայրն ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ Մոհամեդ բին Ռաշիդ էլ Մաքթումն է։ Նա Լատիֆա անունով երեք դուստր ունի, և ես նրանցից միջնեկն եմ»,-ասել է աղջիկը՝ հավելելով, որ 30 քույր և եղբայր ունի։

Աղջկա խոսքով՝ կարևոր է, որ մարդիկ իմանան իր գոյության մասին, քանի որ իր հետագա ճակատագիրը կարող է այնքան էլ լավ չդասավորվել։

Արքայադուստրն ասել է, որ 2000-ին իր 19-ամյա քույրը՝ Շամսան, Անգլիա է փախել, քանի որ արաբական հեքիաթը շատ հեռու է իրականությունից։

Սակայն քրոջը հետ են վերադարձրել Դուբայ և պահում  են առանձին կացարանում։ Ոչ ոք նրա հետ շփվելու իրավունք չուներ, կարելի էր միայն ուտելիք և անձնական օգտագործման իրեր փոխանցել։ 2001-ին Շամսա էլ Մաքթումի պատմությունը Լատիֆայի և խորթ քրոջ՝ Մոնա Լամորայի ջանքերով հայտնվում է The Guradian-ի էջերում։ Վերջինն այդ պատճառով հայտնվում է բանտում և կտտանքների ենթարկվում։ Միևնույն ճակատագրին է արժանանում նաև նրանց մյուս խորթ քույրը՝ Ֆաթիման։

16 տարեկան դառնալով՝ Լատիֆան փախչելու որոշում է կայացրել։ Սակայն նրան սահմանին ձերբակալել են։ Դուբայում աղջիկը հայտնվել է բանտում և հոր հրամանով ծեծի ու կտտանքների ենթարկվել։ Աղջիկը բանտում 3 տարի և 4 ամիս է անցկացրել։

Լատիֆայի խոսքով՝ հայրը սարսափելի մարդ է, ով հոգ է տանում միայն իր հեղինակության մասին։ Նա անգամ իր կանանցից մեկին է սպանել։

Բանտում Լատիֆային անդադար ծեծել են և կտտանքների ենթարկել։ Իսկ տուն վերադառնալով՝ նա ոչ ոքի կողմից կարեկցանքի չի արժանացել, անգամ սեփական մոր։ Տանը Լատիֆայի մոտ նյարդային ցնցում է սկսվել, նա անդադար բղավել է, որ ցանկանում է Շամսային տեսնել։ Ուստի նրան հոգեբուժական հիվանդանոց են տեղափոխել։ Երբ այստեղ նա իրեն սկսել է լավ զգալ, աղջկան կրկին բանտ են ուղարկել, որտեղ շարունակվել են կտտանքները։

Բանտից դուրս գալով՝ 2018-ին նա կրկին փախուստի փորձ է ձեռնարկել, սակայն ապարդյուն։ Ավելին ՄԱԿ-ի հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ Լատիֆան հրաժարվել է տեսագրությունում իր խոսքերից և ներողություն խնդրել հորից։

Понравилась статья? Поделиться с друзьями: