Մտադիր էինք ընտանիքով մեկ ամսով Հայաստան գալ էս ամառ, բայց չենք գա․․․

Անահիտ Քեշիշյանը պատմում է․ — Ալո, ընկեր ջան, ո՞նց ես։

— Է՜հ, ո՞նց պիտի լինեմ, հայրենիքի ցավով տառապում եմ։

— Հա՞, ինչպե՞ս։

— Դե, նյուզն եմ նայում, ՖԲ-ն եմ կարդում, լավ չի վիճակը։

— Հա, իսկապես, դժվար կացության մեջ ենք։ Պատկերացնում եմ, թե ո՞նց եք անհանգստանում սփյուռքում։

— Հա, շատ։ Մտադիր էինք ընտանիքով մեկ ամսով Հայաստան գալ էս ամառ, բայց չենք գա։ Կսպասենք հաջորդ ամռան ավելի լավ ժամանակներ լինեն, նոր կգանք։

— Լավ ժամանակը ո՞րն է։

— Դե, կայուն խաղաղություն, բարձր տրամադրություն, թե տնտեսական վիճակն էլ լավանա՝ ավելի լավ։

— Փաստորեն՝ էդպես։

— Հա, դե ի՞նչ անենք։ Էս տարի կգնանք Եվրոպա, մի քանի երկիր ման կգանք։

— Բարի վայելում։

Հայրենիքի ցավով տառապող սփյուռքահայեր ջան։ Հայաստանը ծնողի պես է, որ սպասում է իր զավակներն՝ ոչ միայն իր առողջ և ուրախ օրերին, այլ նաև, և մանավանդ, իր դժվար ու տխուր օրերին։ Հիմնական տուն-դարձի մասին չէ խոսքս, այլ այցելության՝ երկու, երեքշաբաթյա այցելության։ Այդ այցելությունները մեծ մխիթարանք ու օգնություն կլինեն ծնողին, հավատացեք։

Վստահեցնում եմ նաև, որ Հայաստանի ամենավատ օրերին անգամ, այստեղ ձեր սիրտը կփառավորի հայ մանուկների անուշ ժպիտը, դպրոցական երեխաների զրնգուն խաղն ու ծիծաղը, շեմ ու դուռ ավլող, հազար ցավ ու վիշտ տեսած տատիկների տնքոցն ու օրհնանքը, բակերից հնչող հայերեն խոսք ու երգը, երիտասարդ աղջիկ-տղաների անդիմադրելի հմայքը, զբոսայգիներում շարված ծերուկ պապերի բարձրաձայն վեճ ու զրույցը և, այո, Գառնին, Գեղարդը, Սաղմոսավանքը, Տաթևը․․․․․ ու միշտ վեհորեն ներկա Արարատը։ Մի հրաժարավեք Հայաստանից նրա դժվար օրերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: