Մի անգամ Անիում․․․

Արևմտյան Հայաստան ժամանած հերթական զբոսաշրջիկների խումբը մտավ Անի։

Պարիսպներին նայելիս թվում է, թե մուտք ես գործում Բագրատունյաց տիրակալների կառուցած շքեղաշուք և գեղեցիկ քաղաք՝ հազար ու մի եկեղեցիներով, բանուկ փողոցներով։ Մուտք գործելով առաջինն աչքի է ընկնում հովազը՝ Բագրատունյաց խորհրդանիշը։ Քիչ այն կողմ 961-ին Անին Հայաստանի մայրաքաղաք հռչակելու մասին արձանագրությունն է՝ քարերով ծածկած։ Իհարկե, առանց հայ ուղեկցորդի այդ մասին ոչ ոք իմանալ չի կարող։

Զբոսաշրջիկների առջև է սփռվում 100 հեկտար տարածք ունեցող քաղաքը, այսինքն՝ այն, ինչ մնացել է երբեմնի ծաղկուն քաղաքից։

Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Ամենափրկիչը, Հովվի վանքը, Տիգրան Հոնենցը, Բագրատունիների պալատը, քաղաքի նեղլիկ փողոցները, որտեղ ժամանակին կրպակներ են եղել, իսկ գետից այն կողմ Հայաստանն է։

Սահմանի հակառակ կողմին նայելիս թվում է, թե ոչինչ չի փոխվել․ ահա և կիսավեր կամուրջը, որը եթե վերանորոգվի, հանգիստ Ախուրյանի մյուս ափ կարելի է հասնել։ Սակայն փշալարերն այլ բան են հուշում․․․

Մեծահարուստ վաճառական Տիգրան Հոնենցի միջոցներով կառուցված եկեղեցին աչքի է ընկնում իր շքեղությամբ ու գեղեցիկ խճանկարներով։ Իսկ եկեղեցու պատերի հայերեն գրությունները դրա՝ հայկական լինելու մասին կասկած չեն թողնում։

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Անիում արտասահմանցի զբոսաշրջիկների խումբ էլ կար։ Թուրք ուղեկցորդն անգլերեն նրանց պատմում էր, թե Տիգրան Հոնենց եկեղեցին կառուցել են վրացիները։ Բացի այդ, Անին բազմամշակութային քաղաք է։ Այստեղ շատ ժողովուրդներ են ապրել՝ թուրքեր, հռոմեացիներ, վրացիներ, դե հայեր էլ են ապրել։ Իսկ եկեղեցու պատերի այս գրությունները վրացերեն են, քանի որ եկեղեցին վրացական է։

Դա տեսնելով ու լսելով՝ հայ զբոսաշրջիկներից մեկը մոտենում է այդ խմբին և բարեհամբույր կերպով ասում, որ տեղեկությունը թյուր է, եկեղեցին հայկական է, իսկ պատերի գրությունները՝ հայերեն։ Ուղեկցորդի պնդումներին ի պատասխան, թե յուրաքանչյուր ժողովուրդ ցանկանում է «յուրացնել» քաղաքի մշակույթը, աղջիկը բաց է անում անձնագիրը։ Օտարերկրացի հյուրերը նկատում են՝ այո՛, տառերը հայերեն են։ Իսկ ովքե՞ր են հայերը։

«Հայերն ապրում են գետի մյուս ափին, սահմանի այն կողմում»,-Հայաստանը ցույց տալով ասում է աղջիկը՝ հակիրճ ներկայացնելով, որ Անին ժամանակին Հայաստանի մայրաքաղաք է եղել և կոչվել է «Հազար ու մի եկեղեցիների քաղաք»։

Թուրք ուղեկցորդը լուռ ժպտում է՝ թուրքական դիվանագիտության համաձայն։ «Ախ, հայեր, հայեր, զբոսաշրջիկների միայն այս խմբին կարողացաք հայտնել ձեր մասին, իսկ ի՞նչ եք անելու մյուսների հետ, աշխարհի հետ։ Չէ՞ որ աշխարհն ուժեղինն է՝ արեք ինչ ուզում եք, ասեք ինչ ուզում եք, քաղաքը Թուրքիայի տարածքում է»,-կարծես մտորում էր նա։

Եվ, իրոք, այդպիսի զուգադիպություններ կարող են մի քանի անգամ լինել, սակայն ճշմարտությունն այնպիսին է, ինչպիսին ներկայացնում են աշխարհի ուժեղները։ Մանավանդ, որ Անիի ցուցատախտակներին հայերի մասին խոսք անգամ չկա։ Այսինքն՝ կա։ Դրանում ասվում է, թե ինչպես է հայ քահանան խաբել մահմեդականներին։

Իսկ Կարսից Անի ճանապարհին մի հուշարձան կա, որը նվիրված է 1915-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկված թուրքերի հիշատակին։

«Օ, մարդկային արդարություն, թո՛ղ որ թքնեմ քո ճակատին»․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!