Մինսկում լույս է տեսել գիրք ֆաշիզմից Բելառուսը պաշտպանող հազարավոր հայերի մասին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել «Հայ մարտիկները Բելառուսի մարտերում (1941-1944 թթ.)» գիտա-հուշագրական հրատարակության շնորհանդեսը:

«Գրքում կենտրոնական տեղ են զբաղեցնում Բելառուսի տարածքում զոհված, անհայտ կորած և հուղարկավորված 3429 հայ ռազմիկների համար առաջին անգամ միասին կազմված կենսագրական տեղեկանքները։ Առանձնացված են Բրեստի ամրոցը պաշտպանող հայերի ցուցակները։», — հայտնում է «Բելառուսն այսօր» պարբերականը։

Նշվում է, որ գրքում զետեղված են հատվածներ Բելառուսում մարտական սխրանքների համար պարգեւատրված ավելի քան երկու հազար հայերի պարգեւատրման թերթերից, կենսագրական համառոտ ակնարկներ երեսուն ականավոր զորավարների եւ հրամանատարների, Խորհրդային Միության տասնհինգ հերոսների, հայկական ծագմամբ Փառքի շքանշանի երկու ասպետների մասին:

Բացի այդ, հրատարակության մեջ տեղ են գտել առանձին ակնարկներ, որոնք նվիրված են Վորոշիլովի անվան 51-րդ գվարդիական հրաձգային Վիտեբսկի դիվիզիայի պատմությանը (ձեւավորված Հայաստանում), ինչպես նաեւ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատմությանը, որը ստեղծվել է 1943 թվականին Հայ Առաքելական եկեղեցու կոչով, երկու ստորաբաժանումները մասնակցել են Բելառուսի ազատագրմանը 1944 թվականի ամռանը:

Նախագծի ղեկավարն է «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: