Հայկական հետքերը Մարմարա ծովում

Գեղեցիկ է Մարմարա ծովը՝ իր կապտականաչավուն ալիքներով, ճայերով և դելֆիններով, որոնք մերթընդմերթ ջրի մակերևույթ են դուրս գալիս։Սակայն միայն դրանք չեն, որ գրավիչ են դարձնում ծովը։ Այնտեղ կա նաև չորս կղզի՝ Քնալը, Իշխանաց կղզի, Հեյբել և Մեծ կղզի։

Այժմ կխոսենք Քնալըի մասին, որովհետև հայերիս թերևս դա ամենից շատ կհետաքրքրի։

Եվ այսպես, լազուրե ծով, լողափ, իսկ վերևում՝ շքեղ առանձնատներ ու բազմաբնակարան շենքեր՝ զարդարված գեղեցիկ ու յուրօրինակ ծաղիկներով։ Հանկարծ լսում ես՝ «Շնորհակալություն, Աննա թանթիկ» («թանթիկ»՝ թուրքերեն մորաքույր): Պատասխանը չի ուշանում՝ «Արժան ես, հոգիս»։

Հարազատ լեզուն լսելիս սկսում ես ավելի ուշադրությամբ զննել շուրջդ։ Իսկ առանձին-առանձին զրույցներ ունկնդրելիս հասկանում ես, որ տեղացիները հայերեն են խոսում կամ, ինչը ցավալի է, այսպես ասած, կիսահայերեն-կիսաթուրքերեն։ Լուսանցքային վիճակում գտնվող այս մարդիկ ևս հասկանում են, որ զբոսաշրջիկները ժամանել են Հայաստանից՝ իրենց հայրենիքից, որը չնայած այնքան էլ հեռու չէ, բայց Հայաստան քչերն են այցելել։

Այս համայնքը փակ է։ Պատճառը պարզ է՝ տարիներ շարունակ թուրքերից հալածվելով՝ նրանք դարձել են ներամփոփ, պարփակված։ Թուրքերը հաճախ վիրավորելու նպատակով նրանց «հայ» են անվանում, իսկ հայաստանցի հայերը նրանց թուրք են համարում։

Այսպիսով, այդ փոքրիկ և գեղեցիկ կղզում ապրում են մեր ազգակիցները, որոնց համար, բախտի քմահաճույքով հայերենի չափ մայրենի է նաև թուրքերենը։ Նրանք ապրում են ներամփոփ կյանքով՝ անելով ամեն ինչ, որպեսզի ոչ հայերը, ոչ թուրքերը չխանգարեն իրենց անդորրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: