Երևանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Երևանը: Անուշահոտ աշունների ու սերերի պես երջանկացնող, քամու հետ թևածող տերևներով լի քաղաքը, փողոցները` երակների պես կյանք տվող` արյունատար անոթ…

Երևանը, աննկարագրելի ապրեցնող, ու դաժանաբար ինքդ քեզ հետ թշնամացնող , հիվանդագին ուշադիր ու հիվադացնող անտարբեր:

Մեր քաղաքն ախր ինչքա՜ն նման է մեզ. անհագուրդ կարոտների ու գիշերվա զովերի քաղաքը: Անծով, բայց ծով մարդկանց քաղաքը)
Մի քիչ գժոտ, թեթևասահ ու քմահաճ, բայց և անհատնում համբերությամբ, սեթևեթ կնոջ տրամադրությամբ փոփոխական, բայց հաստատ քեզ մշտապես սպասող քաղաքը:

Դու… մի տխրիր. Երևանն ամեն օր ու ամենուր քեզ հետ կլինի. երեկ, վաղը և այսօր:
Իսկ հեռավորությու՞նը մի օր ուղղակի կանցնի- կգնա` աշնան թափվող տերևների պես: Գորգ կդառնա ոտքերիդ տակ. ցավերից , կարոտներից ու փայլող հիշողություններից հյուսված ճամփա, որ վերջապես վերադարձնի քեզ քաղաքին ու քաղաքը` քեզ:

Կարոտներիցդ պինդ բռնվիր, որ փոթորկելով բերեն- հասցնեն երազանքներիդ հավերժական քաղաքին, որը որքան էլ կեղտոտես բարկությամբ, ներկես հուսահատությամբդ գորշագույն, միևնույն է միշտ կմնա քո վարդագույն երազանքի քաղաքը:

Երևանը` իր փոքրության մեջ անսահման ու մեծ մի բաբախող սիրտ. մարդկային անկրկնելի ճակատագրերի խճանակար:
Երևանը. հիվանդացնող անտարբեր ու հիվանդագին ուշադիր մեր Քաղաքը…

Նվիրվում է Երևանը սիրող, նրանով ապրող ու նրան կարոտող մարդկանց…

Понравилась статья? Поделиться с друзьями: