Երիտասարդները եթերում պատմեցին իրենց տեսածները․․․Տեսել էին, ինչպես են դիակը հանում զուգարանից և տանում․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թարմացնեմ հանրության հիշողությունը

Պողոս Պողոսյանի սպանության մասին բազմաթիվ ձևերով փորձել են բարձրաձայնել դեպքին ականատես, Պողոս Պողոսյանի սեղանի հարևան սեղանին նստած երկու երիտասարդներ, որոնց վկայությունը ոչ մի կերպ չուզեցավ լսել քննչական մարմինը: Այդ չարաբաստիկ երեկո Պողոս Պողոսյանի հետ սեղանակից էր Պողոս Պողոսյանի հայրենակից, ջավախքեցի,դաշնակցական Նավոյանը, որը նշված երիտասարդներից մեկի համակուրսեցին էր և դրա բերումով հարևան սեղանի երիտասարդները մինչև բռնության դեպքը շփվել են միմյանց հետ:

Քննչական խմբին հանդիպելու փորձերի անհաջողությունից հետո երրորդ
օրը երիտասարդներին խոսելու հնարավորություն տվեց Ա մեկ պլյուսը, հաղորդումը վարում էր, կարծեմ, Ժուռնալիստ Վիկտորյա Աբրահամյանը, հաղորդմանը մասնակցում էին նաև այն ժամանակ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, ոչ անհայտ Լարիսա Ալավերդյանը և նվաստս՝ ձեր խոնարհ ծառան:

Երիտասարդները եթերում պատմեցին իրենց տեսածները՝ դեպքն սկսվելուց մինչև կեսգիշեր, երբ Առագաստ սրճարանից վկաների ահաբեկված փախուստից հետո իրենք մեն մենակ նստել մնացել էին սրճարանի սեղանի մոտ՝ չիմանալով իրենց անելիքը, տեսել էին, ինչպես են դիակը հանում զուգարանից և տանում, ինչպես են ոստիկանները ներս ու դուրս անում և ինչպես են ամեն կերպ խուսափում ՛՛տեսնել՛՛ իրենց՝ դատարկված սրճարանից գնալ ուշացող երկու անփորձ երիտասարդներին: Այդպես էլ ՛՛չտեսան՛՛: Վստահ եմ, այդ հաղորդման տեսագրությունը կարելի է գտնել Ա մեկ պլյուսի արխիվից:

Понравилась статья? Поделиться с друзьями: