Երբ պարադոքսն այլընտրանք չունի․ հայկական Կարսը, կամ Կարսն՝ առանց հայերի

Կարս՝ չարենցյան քաղաք, Չարենցի քաղաք։

Արդեն ականջին սովոր այս խոսքերը կարելի է լսել Կարս այցելած ցանկացած հայի շուրթերից։ Կարսում լինելիս յուրաքանչյուրիս մեկ հարց է հետաքրքրում՝ որտե՞ղ է բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։ Ոչ այնքան դժվարությամբ դրա տեղը գտնում ենք և․․․հիասթափություն։ Այդ խարխուլ և արդեն կիսավեր կառույցում է որոշ ժամանակ ապրել հանճարեղ բանաստեղծը։ Ու այդպես հիասթափված թողնում ու հեռանում ենք՝ լուսանկարվել չմոռանալով։

Սակայն Կարսում կա մեկ վայր, որը հայ ժողովրդին հիշեցնում է անմիաբան լինելու արդյունքն ու կարծես գալիս ապացուցելու Չարենցի տողերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»։ Այո՛, ճակատագրական պահին հայ ժողովուրդը միասնական չեղավ։ Կռվից խուսափելով՝ Կարսի անառիկ բերդում փակված հայ զինվորների մի մասը համաձայնեց հանձնել այն թշնամուն, որովհետև Լենինն էր այդպես հրամայել։ Այն, որ այնտեղ կար բավականին պաշար, զենք ու զինամթերք, իսկ պարիսպների անառիկության մասին ավելորդ է խոսել, ոչ ոքի չէր հուզում․․․ Մոսկվան է կարգադրել, Լենինն է հրամայել։

Եթե միայն նրանք իմանային, որ հետագայում թշնամին իրենց այս նահանջը ներկայացնելու էր որպես «Կարսի գրավում»՝ թանգարաններում ցուցադրելով այդ «փայլուն հաղթանակի» ցուցանմուշները, այդ հաղթանակը պատկերող յուղանկարները։ Եթե միայն նրանք իմանային, որ հետագայում Կարսի բերդի վրա ծածանվելու էր կիսալուսինը, իսկ թուրքերն առանձնահատուկ հպարտությամբ պատմելու էին իրենց զինվորների սխրանքների մասին «Կարսը գրավելիս»․․․Իսկ դու, որպես սովորական զբոսաշրջիկ, որպես հասարակ մի այցելու, միայն պետք է լռես ու լսես, լռես ու խորհես․․․

Դե ե՛կ, վարդապե՛տ ու մի՛ խենթացիր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: