Գառնու հեթանոսական տաճար․ Հայաստան աշխարհի զարդը

Հայտնի իրողություն է՝ 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։

Շատերի կարծիքով՝ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը հանեց հեթանոսական խավարից և տարավ դեպի քրիստոնեական լույսը։ Համաձայն ենք։ Բայց դա կարող էր արվել առանց հրի ու սրի, առանց մի ամբողջ մշակույթի ոչնչացման։ Նախ ավերվեցին հեթանոսական տաճարները՝ դրանց հետ միասին մեր պատմությունը, մեր գիրն ու գրականություն։ Կամ դրանց հիմքի վրա եկեղեցիներ վեր խոյացան, ինչն այժմ ժխտում են մի շարք հոգևորականներ․ գիտեք, մենք, այո, հեթանոս եղել ենք, բայց այսպես կոչված «բնիկ» հայկական աստվածներ չենք ունեցել, այլ հունական և հռոմեական աստվածներին ենք «հայկականցրել»։ Սեփականն ուրանալ չի կարելի։ Ոչ ոք չի հերքում քրիստոնեությունը, բայց հայերս ունեցել ենք դարերի խորքից եկած հարուստ դիցարան։

Անհերքելի է, որ առանց հնի նորը չես կառուցի։ Որքան էլ քրիստոնյա լինենք, որքան էլ հպարտանանք առաջին քրիստոնյա ժողովուրդ լինելով՝ չի կարելի ուրանալ մեր հեթանոս աստվածներին, մեր անցյալն ու պատմությունը։

Դրա վառ ապացույցն է Գառնու հեթանոսական տաճարը։ Այն մեզ հիշեցնում է մեր անցյալը, մեր պատմությունը, Միհրին՝ արևի աստծուն։ Շատերի պնդմամբ՝ այն կառուցված է հունահռոմեական ոճով։ Սակայն մի փոքրիկ ուղղում։ Աշխարհում առաջին հեթանոսական տաճարը կառուցվել է Արարատյան թագավորության (Ուրարտու) Մուսասիր քաղաքում և նվիրվել Խալդիին (արևի աստծուն)։ Արդեն իսկ հարց է ծագում՝ ո՞վ է ում նմանակել հեթանոսական տաճարներ կառուցելիս։

Հայաստան աշխարհի այս հոյակերտ զարդը կառուցել է Տրդատ I Արշակունին՝ ի պատիվ Միհրի և հավերժության խորհրդանիշ արևի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!