Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, աշխարհազորային Գագիկ Փարսադանյանի ծննդյան օրն է

Կապանցի Գագիկը խիզախ ու պատրաստակամ հայրենասերներից մեկն էր, որ առանց վարանելու ձեռքը կրկին տարավ զենքին՝ ապրիլյան գործողությունների մասին լսելով, քանզի լավ էր ճանաչում հակառակորդին: Նա մեկն էր աշխարհազորայինների այն քաջ ջոկատից, որն անմիջապես Արցախի ճամփան էր բռնել ապրիլյան դեպքերի առաջին լուրն իսկ ստանալու պես:

Գագիկը կապանցի էր՝ արցախյան հերոսամարտին իր ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած, այդ օրերին երկու վիրավորում ստացած, բայց չընկրկած քաջամարտիկ: Դեռ այդ օրերին նա ձեռք էր բերել հետագայում իրեն ուղեկից դարձած Հասան մականունը, քանզի, հայտնվելով շրջափակման մեջ, հնարամտություն էր ունեցել ներկայանալ որպես ադրբեջանցի՝ մոլորեցնելով հակառակորդին ու փրկելով զինընկերներին:

Ապրիլյան գործողությունները սկսվելուն պես կինը՝ Անահիտը, զարմանքով, բայցև սպասելիորեն հայտնաբերում է, որ ամուսինը դարձյալ ճակատ է շտապում: Եթե չլինեին չարաբաստիկ գործողությունները, Գագիկն այսօր կտոներ ծննդյան վաթսունամյակը:

Այժմ նրա տարեդարձները ընտանիքը նշում է առանց նրա հաճելի ներկայության: Այլևս Գագիկն անմահի հավերժական ճամփորդ է դարձել:

Понравилась статья? Поделиться с друзьями: