Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կյանքից հեռացել է հայ սիրված և ճանաչված դերասանուհի Անահիտ Թոփչյանը։ Արտիստուհին ծնվել էր 1947 թվականին, Արթիկում։
Մասնագիտությամբ ռուս բանասեր էր, եղել է նաև գրողների միության անդամ։ Բազմակողմանի զարգացվածություն ունեցող դերասանուհին նաև գրող էր։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան մամուլում։ Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են այլ լեզուներով և հասանելի դարձել նաև օտարալեզու ընթերցողին։
Աշխատանքային գործունեություն է ունեցել Ղափլանյանի դրամատիկական թատրոնում։ Այստեղ Անահիտն աշխատել է քսանչորս տարի։ Անահիտ Թոփչյանը կերտել է հարյուրից ավելի դերեր։
Հայաստանյան հանդիսատեսին ուրախացնելուց բացի, նա նաև հյուրախաղերով եղել է բազմաթիվ այլ երկրներում և պատշաճ ներկայացել նաև սփյուռքահայությանը։ Հիմնել էր իր թատրոնը, որի շրջանակներում բազմաթիվ ուսուցողական ներկայացումներ է հրամցրել հանդիսատեսին։ Անահիտը Ալեքսանդր Թոփչյանի կինն էր։
Ալեքսանդրը նույնպես գրող էր։ Այո՛, լավագույնները հեռանում են․ նրանք երկնքին են պետք։ Իսկ թատրոնը և հայ գրականութունը կորցրեց վաստակաշատ տաղանդի։