Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է Բրյուսովի անունը կրող համալսարանի ամենից ականավոր գիտնական լեզվաբաններից մեկը՝ Արամ Բարլեզիզյանը, ով մեր ժամանակի ամենից լավ ֆրանսերենի մասնագետներից էր։
Արամ Բարլեզիզյանը մահվան մասին ավագանու անդամ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանն ափսոսանքով գրում է հետևյալը․ «Խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ֆրանսերենի դասավանդման տիտան, մեծագույն գիտնական Արամ Բարլեզիզյանը։
Իր մոտ ընդունելությանս քննությունն եմ հանձնել, իր բարեհամբույր մոտեցմանն արժանացել պետական՝ ավարտական քննությանը, իր հետ պատիվ եմ ունեցել մի քանի տարի աշխատել Վ.Բրյուսովի անվան համալսարանում:
Մշտապես ժպտադեմ և ինտելիգենտի կերպարի մարմնավորում՝ Բարլեզիզյանին շատ էին սիրում ֆրանկոֆոն ուսանողները, այդ թվում՝ ոչ միայն Բրյուսովի համալսարանի: Շատ մեծ կորուստ կրեց Հայաստանում ֆրանկոֆոնիան։ Աստված հոգին լուսավորի»,- իր գրառումը եզրափակել է Իզաբելլա Աբգարյանը։
Իսկ լեզվաբան Մերի Սարգսյանը գրում է․ «Որքան ցավալի է։ Կյանքից հեռացավ աթայանական դպրոցի ևս մի հրաշալի ներկայացուցիչ, մեծարգո լեզվաբան, գիտնական, ԳԱԱ լեզվի ինստիտուտի և հատկապես ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի մեծ բարեկամ, շատ սիրելի և հարգելի պր. Արամ Բարլեզիզյանը։
Անպատկերացնելի է։ Ընդամենը մեկ ամիս առաջ իր ներկայությամբ պատվեց մեր միջոցառումը, իր հուշերով մեզ տեղափոխեց Աթայանի աշխարհ։ Թող լույսերի մեջ լինի Ձեր հոգին, հարգելի՛ պր. Բարլեզիզյան»։