Գավառում այսօր Հայաստանում հազվադեպ պատահող պտտահողմ է նկատվել: Այն առաջացել է ամպրոպային ամպերում և ուներ ձագարի տեսք՝ վերին մասով մխրճված ամպերի մեջ: Սովորաբար այսպիսի տոռնադոներն ուղեկցվում են անձրևով և ուժեղ ամպրոպով:
Առանձին դեպքերում պտտահողմը մեծ ավերածությունների պատճառ կարող է դառնալ, այն կարող է վերև բարձրացնել նույնիսկ ամենածանր մեքենան:
Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այդ հազվագյուտ օդերևութաբանական երևույթի լուսանկարը: Այդպիսի երևույթ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում ուղիղ երեք տարի առաջ ևս նկատվել էր. պտտահողմն այդ դեպքում ուղեկցվել էր ուժեղ կարկուտով:
Բնության մեջ հանդիպել են նաև երկվորյակ պտտահողմեր, որոնք ավելի վտանգավոր կարող են լինել: Վերջին շրջանում շատ են բնության անսովոր երևույթները: Վերջերս Ուկրաինայում տեղացած քարե կարկուտն էլ այդ բացառիկների շարքում է : Այն մեծ վնասներ հասցրեց բնակչությանը, իսկ ամենասարսափելին այն է , որ մարդն անզոր է որևէ կերպ կանխել կարկուտի հասցրած վնասները. այն վրա է հասնում շատ արագ և շատ կարճ ժամանակահատվածում վնասներ է պատճառում: