Պատերազմը՝ որպես իրական չարիք, հազարավոր ընտանիքների դռներ բացեց ու մարեց լույսերը, հազարավոր հերոս տղաներ հավերժի ճամփորդ դարձան, մոմի պես հալվեցին՝ հանուն մեր լուսավորության։ Առաջնագծում պայքար մղեցին՝ առանց մեկ վայրկյան նահանջի մասին մտածելու։
Ճանաչենք նրանց անուն առ անուն ու անմար պահենք նրանց հերոսական հիշատակը։ Կարեն Հարությունյանը ծնվել է 2000 թվականին։ Ընտանիքի երրորդ որդին էր։ Դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում՝ համակրգչային բաժնում։
«Կարենը շատ քաղցր չարաճճի էր, ում կարող են սիրել բոլորը»,- ասում են ուսումնարանի ուսուցիչները Կարենի մասին։Դպրոցում,ուսումնարանում և քաղաքում ուներ շատ մեծ շրջապատ և բոլորի կողմից սիրված էր։ Ուսումը կիսատ թողնելով ՝ 2019 թվականին մեկնեց ծառայության։
Ծառայում էր Դիլիջանում։ Գրադի վարորդ էր։ Դիլիջանում նա մատուռ էր կառուցել։ Մասնակցել էր նաև Տավուշյան պատերազմին։ Մայրիկի հետ խոսելիս միշտ ասում էր․ «Մա՛մ, գալու եմ,որ իրար հետ ունեցած նպատակները իրագործենք և շրջենք աշխարով մեկ»։
Քսանամյակի օրը հերոսը Ջաբրաիլում գրադի 3 փաթեթով ոչնչացրել է թշնամու մեկ գունդ։ «Տղե՛ք, կուզեի՞ք ձեր ծննդյան օրն էլ այսպիսի հրավառություն լիներ»,- կատակել է Կարենը։ Ծննդից 3 օր անց անմահացավ հերոսի մահով։ Հիշատակդ հավերժ․․․