«Տաս տարվա պայքարից հետո այսօր առավոտյան հայրիկս լքեց մեզ, խաղաղվեց․․․»

Արմեն Արմոս Մարտիրոսյանը գրում է․ «Տաս տարվա պայքարից հետո այսօր առավոտյան հայրիկս լքեց մեզ, խաղաղվեց: Նա լքեզ մեզ միայն ֆիզիկապես, հոգեպես ու իր մեծ սերը միշտ մեզ հետ կլինի: Հայրիկի հետ վերջին տարիներին աննկարագրելի շատ էի մտերմացել: Միշտ փորձել եմ մեծ սիրով ու հոգատարությամբ շրջապատել իրեն, անել անհնարինը, որ առողջ լինի ու երջանիկ. հիմա որքան էլ տարօրինակ հնչի՝ մոտս զգացողություն է, որ կորցրել եմ ոչ միայն ծնողիս, այլ նաև՝ իմ երեխային:

Հայրիկիս կյանքի վերջին օրերը որքան էլ ծանր լինեին, բայց լի էին բոլորիս մեծ սիրով ու ջերմությամբ, նա լքեց մեզ խաղաղված ու սիրված: Շնորհակալ եմ Աստծուն հայրիկիս մասին այսքան տարիներ հոգ տանելու հնարավորության համար, դա երջանկացնում է: Մի բանում վստահ եմ՝ մարդասիրությունը սկսում է ծնողի, երեխայի ու հարազատի նկատմամբ սիրուց: Սիրեք իրար, վայելեք ինչքան ուժ ու ժամանակ կունենաք, ամեն ինչ արեք, որ երբեք չափսոսաք իրար չասված խոսքերի ու չիրականացված քայլերի համար:

Անչափ շնորհակալ եմ բոլորիդ աղոթքների ու հոգատարության համար, անչափ զգացված եմ, խնդրում եմ շարունակել աղոթել հայրիկի հոգու հանգստության ու խաղաղության համար: Անչափ շնորհակալ եմ Էրեբունի ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին մեծ հոգատարության համար՝ հանձինս սրտաբանական ծառայության ղեկավար Համլետ Գրիգորիչին, հայրիկիս կյանքն այսքան տարիներ երկարացնելու համար, վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Ռազմիկովիչին, այս երկու շաբաթվա ընթացում հնարավոր ամեն ինչ անելու համար, որ հայրիկս ապրի: Մայրապետից, բուժքույրից մինչև բժիշկներ միշտ այնքան հոգատար են եղել, անչափ շնորհակալ եմ:

Հ.Գ. Սիրելի ընկերներ, հայրիկիս հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը Վանաձոր քաղաքում, մանրամասները կգրեմ այս հրապարակման մեջ կամ առանձին: Շնորհակալ կլինեմ, որ ծաղկեպսակների ու ծաղիկների փոխարեն այդ գումարն ուղղեք մեր ֆոնդին, որը զբաղվում է նաև թոքային ծանր խնդիրներ ունեցող երեխաներով, հայրիկիս հիշատակին ապագայում այս ուղղության զարգացման վրա պետք է հնարավորինս մեծ ներդրումներ անենք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: