Քեյթ Միդլթոնի և Մեգան Մարքլի թշնամության մասին անդադար բամբասանքներին այսօր, ամենայն հավանականությամբ, վերջ տրվեց։ Դքսուհիները միասին են ներկայացել Ուիմբլդոնի եզրափակչին։ Լուսանկարներից դատելով՝ նրանք շատ լավ հարաբերություններ ունեն, Քեյթը և Մեգանը խոսել ու ժպտացել են՝ Պիպա Միդլթոնի հետ միասին թագավորական Royal Box-ում նստած։ Հիշեցնենք, որ եզրափակչում արքայազն Հարիի կնոջ մտերիմ ընկերուհին՝ Սերենա Ուիլյամսը, կխաղա Սիմոնա Հալեպի հետ՝ Ռումինիայից։
Քեյթ Միդլթոնն իր հարսից ավելի վաղ է մարզադաշտ ժամանել։ Արքայազն Ուիլյամի կինը քրոջ՝ Պիպայի հետ միևնույն ավտոմեքենայով է ժամանել։ Քեմբրիջի դքսուհին կրել է Dolche & Gabbana ապրանքանիշի կանաչ զգեստ և մարմնագույն կլատչ։ Այդ նույն հագուստը նա հագելէ նաև 2016-ին՝ ամուսնու հետ Կանադայում թագավորական շրջագայության ժամանակ։
Մեգան Մարքլը նախընտրել է Hugo Boss ապրանքանիշի ձյունաճերմակ վերնաշապիկ և միդի կիսաշրջազգեստ՝ աբստրակ սև-կապույտ պատկերով։
Ամենայն հավանականությամբ, նախկին դերասանուհին հաշվի է առել նախորդ առաջնության ժամանակ արված նկատողությունները և որոշել միջոցառմանը ջինսե տաբատ չհագնել։ Նախորդ առաջնության ժամանակ դքսուհին կրել է կապույտ ջինսե տաբատ, սև տոպ, ճերմակ օվերսայզ պիջակ։ Կազմակերպիչները չեն կարողացել նրան թագավորական օթյակ հրավիրել՝ ջինսե տաբատի պատճառով։ Սակայն նշվում է, որ Մեգանի համար կարևորը Սերենայի խաղը դիտելն էր։