Հրապարակ » օրաթերթը փոքր «հետաքննություն» է անցկացրել, պարզելու, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է սոցցանցերում իր ստատուսների մեկնաբանություններին, կարդում է դրանք, իսկ եթե կարդում է, ապա ինչու չի արձագանքում։
Պարբերականին հայտնել են, որ Փաշինյանը կարդում է բոլոր մեկնաբանությունները՝ առանց բացառության։ Ընդ որում, ոչ թե հենց այնպես է կարդում՝ եթե ինչ-որ գրառում նրան հետաքրքրում է, ապա նա ուսումնասիրում է տվյալ մարդու պրոֆիլը և նույնիսկ նրա ընկերների շրջանակը։
Բացի այդ, քաղաքական թիմակիցները վարչապետին մշտապես Facebook-ի, այլ սոցցանցերի տարբեր սքրինշոթներ են ուղարկում ՝ իրենց վերաբերող հարցերի շուրջ։
Պարբերականը նշում է, որ օրվա ընթացքում սոցցանցին հետևում է նաև Փաշինյանի կինը ՝ Աննա Հակոբյանը, ով նույնիսկ կարևոր հանդիպումների ժամանակ չի կտրվում հեռախոսից։
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ առաջին անգամ ձերբակալվել է այն օգտատերը, ով Facebook-ի կեղծ էջից կեղծ տեղեկատվություն էր տարածում Հայաստանի իշխանությունների գործունեության մասին: