Վատիկանում երկու դամաբարան են բացել՝ ստուգելու համար արդյոք դրանցից մեկում է 1983-ին անհետացած աղջնակի մարմինը։ Սակայն արդյունքում նոր առեղծված է ստացվել։ Դամբարաններում ոչինչ չեն գտել, անգամ XIX դարում հուղարկավորված երկու արքայադստեր մարմինները։
Փորձագետները փնտրել են 15-ամյա Էմանուելա Օրլանդիի մարմինը՝ Վատիկանի ծառայողի դստեր։ Նա անհետ կորել է Հռոմում՝ երաժշտության դասի գնալիս։ Տարիներ շարունակ նրա առեղծվածային անհետացման մասին տարբեր լուրեր են պտտվել։
«Օրլանդի ընտանիքին պատասխաններ են հարկավոր։ Նրանք իրավունք ունեն պատասխաններ ստանալ։ 36 տարի է անցել։ Շատ բան է տեղի ունեցել՝ փոխվել են կառավարությունները, պապերը, ամեն ինչ փոխվել է։ Այժմ այդ ընտանիքին որևէ պատասխան տալու ժամանակն է»,-ասել է փաստաբան Լաուրա Սագրոն։
Վերջերս Օրլանդիի հարազատներն անանուն նամակ են ստացել։ Դրանում ասվել է, որ աղջկա մարմինը կարող է թաքցված լինել Թևթոնի գերեզմանոցում, հրեշտակի արձանի ներքո, որի ձեռքին «Հանգչի՛ր խաղաղությամբ» գրությամբ գիրքն է։
«Նրանք սալիկ են գտել, դրանում անցք են բացել, իսկ դրա տակ սրահ է եղել։ Նրանք հայտնվել են 3-4 մետր երկարությամբ սրահում։ Առաջին անակնկալը՝ այն միանգամայն դատարկ էր։ Նրանք բացել են երկրորդ դամբարանը, սարկոֆագը։ Հարկավոր էր միայն տեղաշարժել սալիկը։ Նրանք տեղեկացրել են, դրանում ևս ոչինչ չի եղել»,-ասել է Էմանուելայի եղբայրը՝ Պիետրո Օրլանդին։
Այժմ փորձագետները պետք է պարզեն՝ ինչ է պատահել արքայադստրերի մարմիններին։ Նրանցից մեկը 1863-ին մահացած Սոֆյա ֆոն Գոգենլոեն է, երկրորդ Շարլոտ Ֆրիդերիկա Մեքլենբուրգցին, որը 1840-ին է վախճանվել։