Հայաստանում առկա դժվար իրավիճակը յուրաքանչյուր ոք յուրովի է հաղթահարում, իսկ հերոսածին մայրերն իրենց բնորոշ համառությամբ ու խիզախությամբ են մարտահրավեր նետում իրենց բաժին հասած անարդար ճակատագրին։
Շատ մայրեր, ովքեր պատերազմում կորցրին իրենց ամենաթանկերին՝ զավակներին, վերստին զավակներ ծնելու որոշում են կայացրել՝ ի նշան հայ ժողովրդի վերածննդի խորհրդի։
Նիկողոս Մխիթարյանը մեր անմահացած զինվորներից է։ Նիկողոսը մինչ հոկտեմբերի տասնութը համառորեն մասնակցել է մարտերին՝ խիզախաբար դրսևորելով իրեն, սակայն այդ օրն ընկնում է անտառում պատսպարված հակառակորդի գնդակից։
Նրա մայրը որդու կորստից հետո նոր զավակ ունենալու խիզախություն ու համառություն է դրսևորել, ինչի շնորհիվ այսօր լույս աշխարհ է եկել հերոսացած Նիկողոսի եղբայրը։
Հատկանշական է, որ հերոս Նիկողոսը սեպտեմբեր ամսի ծնունդ էր։ Այս տարվա սեպտեմբերի վեցին կլրանար Նիկողոսի քսանմեկ տարին։ Նրա կրտսեր եղբայրը լույս աշխարհ է եկել դարձյալ սեպտեմբերին։ Նրան անվանակոչել են հերոս եղբոր պատվին՝ Նիկողոս։