«Ստացվեց էնպես, որ հանդիսավար (թամադա) դարձա։ Սկզբում նեղվում էի․․․» ի՞նչ է պատմում Ազատ Աբրահամյանը

Հայտնի երգահան Ազատ Աբրահամյանը գրում է․ «Ստացվեց էնպես, որ հանդիսավար (թամադա) դարձա։ Սկզբում նեղվում էի, թե՝ ես ու՜ր, խնջուքների հանդիսավարությունն ուր, բայց պետք էր, վիճակն էդ էր թելադրում,կարիքն օդից չէր ընկել։ Թաղապետարանում կարգին պաշտոն ունեի, բայց զզվեցի՜ շահն ու շահեկանն իրարից քաշքշող ծպտվածություններից, ու մի օր ասի՝ բալամ, էս ամենում գտնվելու համար ամենաքիչը գոնե պիտի լավ շպիոն լինես, ես գնացի։

Դժվար տարիներ էին, հոգեբանական ծանր ապրումներ՝ սիրելիիս կորուստը, մենության անհյուրընկալ տրամադրություններ։ Որոշեցի՝ կգնամ, իմ հանդիսատեսի հետ կլինեմ, կուրախանամ Նրանցով ու Նրանց համար, Նրանցով էլ իմը կբժշկեմ։

Հազարավոր հանդիսություններով եմ անցել։ Շնորհակալ եմ բոլորին՝ նման վստահության ու պատվի արժանանալուս համար։ Վաստակեցի։ Արդյունքում՝ հարազատ մարդկանց հետ ինքներս մեր հովանավորները դարձանք նաև երգերս ստեղծվեցին՝ բեմահարթակնե՜ր, մենահամերգնե՜ր։ Երբեմն հիշում եմ էդ օրերը։

Ցավոք դրանք միայն հիշողությունների հաճելիներից չեն։ Էդ 20 տարիների ընթացքում ի՜նչ ասես տեսա. մեր իրականությունն իր ո՜ղջ՝ վերևից-ներքևով։ Օր-օրի փոփոխվում էր ամեն ինչ. ճաշակ, որակ, ավանդույթ, փոխհարաբերություններ, գնահատանք, հարգանք։ Մեկ-մեկ գոռալ էի ուզում, թե բալամ, էս ի՞նչ եք անում, քանդվում ենք.

-Ամերիկյան էս ինչն եմ ուզու՜մ, եվրոպայում եմ տեսե՜լ,հայկականից արդեն նաֆտալինի։ Այ էսպես ջնջելով էկա՜նք, հասանք տեղ։ Մշակույթ, նաև էս է կոչվում, սիրելիներ։ Նստում ու մինչև լույս միտք էի անում, թե հիմա ես ի՞նչ երգեմ, լավ։ Ինչի՞ մասին երգեմ, ի՞նչ ասելիքով, երբ մշակույթն օվա դխկըլը-դմբլն էր։

ՀՀ ժող. արտիստ, իմ ավագ ընկեր՝ Սասուն Պասկևիչյանը նոր երգերի հարուստ ժառանգություն ունի, արի ու տես, ոչ աջակցություն է գտնու՜մ, ոչ ժառանգներ։ Ընկերներիցս բազմաթիվ ստեղծագործողներ բարձրորակ գործեր ունեն, սեփական նվազ հնարավորություններով կռիվ են տալիս, մինչդեռ նման ստեղծագործությունների հանդեպ պետական ուշադրության որևէ արձագանք չկա։

Հարգարժան պետություն, եթե ցանկացած քաղաքացու պարտավոր ես ապրելու և ստեղծագործելու հնարավորություններ ապահովել, ապա բախտի ո՞ր քմահաճույքին ես թողել հենց ստեղծագործող մարդուն։ Ի՞նչ է՝ «Աղքատությունը հենց Նրա՞նց ուղեղներում է…»։ Մեկ էլ տեսնես քաղաքական անցուդարձերից կոչեր են հնչում, թե բա՝ «Որտե՜ղ են արվեստագետներն ու մտավորականները»։

-Ինչպիսի փայլու՜ն հիշողություն, պարոնայք,հուզմունքից մարդու աչք եք թացացնում։ Դուք նրանց թամադաներ կարգեցիք, մինդեռ ինքներդ հայկական սեղան նստելու տարրական մշակույթը սովորած չէիք։ Ու էս չէ՞ ձեր կառուցածը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!