Կարին Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է, որ սիրով հրավիրում է բոլորին մտերմիկ հանդիպման։ Առիթը որդու՝ հավերժացած Մենուա Հովհաննիսյանի ծննդյան օրն է, ով ծնվել է երեսունհինգ տարի առաջ այդ օրը։
Որդեկորույս մայրը գրում է․ «Դեկտեմբերի քսաներկուսինին, ժամը 18.30: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում հրավիրում եմ մտերմիկ հանդիպման իմ «Հավերժ հայ ասպետի»՝ Մենուա Հովհաննիսյանի հետ:
35 տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկավ իմ հայորդին՝ Մենուա Հովհաննիսյանը: Եկավ, որ հասկանամ ինչ է երջանկությունը….. Եկավ, որ իր մեջ կերտեմ հեքիաթներում գտած ասպետիս….
Եկավ, որ իր համար երգեմ «Արի իմ սոխակ» մարտակոչը….. Եկավ, որ գիշերները հեքիաթի փոխարեն պաշտելի պատմավեպերս պատմեմ իրեն…..
Եկավ, որ իրեն ժառանգեմ Վանա ծովի և Նեմրութի աստվածների շշուկը…. Եկավ, որ իր հետ երազեմ Արցախ աշխարհի արևելից սահմանին՝ Կուրի ափերին հայոց Եռագույնի ծածանման մասին….. Եկավ որպես մահկանացու….. Մնաց որպես հավերժի խոսնակ…..»։