Սիրիայի հակամարտության շուրջ ծավալված քաղաքական իրավիճակը խոսում է այն մասին, որ մոտ ապագայում գործող նախագահ Բաշար Ասադը կմեկուսացվի իշխանությունից։ Երկրի նախագահի փոփոխությունը նախապատրաստում է Ռուսաստանը, որը փաստացի վերահսկում է Սիրիան։ Այս մասին Atlantico պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Հետախուզական ուսումնասիրությունների ֆրանսիական կենտրոնի փոխտնօրեն Ալեն Ռոդյեն։
Տվյալ պահին Սիրիայում իրավիճակը տեղում դոփում է։ Իդլիբում Ասադի դիմակայության օջախը վայելում է Թուրքիայի աջակցությունը, և այդ շրջանում սիրիական կառավարական ուժերի գրոհը աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ ԱՄՆ-ն աստիճանաբար հեռանում է Սիրիայից, իսկ Սաուդյան Արաբիան, Իրանը և այլք չեն ցանկանում հստակ գործողությունների դիմել՝ վախենալով Վաշինգտոնի պատժամիջոցներից։ Այդ պատճառով Ռուսաստանը ստացավ այն, ինչ ցանկանում էր՝ առաջիկա 50 տարում իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս ամենը նպաստում է լուրջ բանակցությունների մեկնարկին, սակայն առանց Ասադի, որին Կրեմլում արդեն փոխարինող են գտել։
«Խնդիրն այն է, որ քաղաքական հնարավորությունը, որը դիտարկում է Մոսկվան, խնդրահարույց է, քանի որ Ասադի կլանից պոտենցիալ թեկնածուները Արևմուտքի սև ցուցակներում են ներառված»,-ասել է փորձագետը՝ նշելով, որ նրանք կարող են միջազգային քրեական դատարանի առջև կանգնել։
«Հնարավոր փոխանորդ է համարում գեներալ-մայոր Ալի Մամլյուքը՝ Բաշար Ասադի մտերիմ խորհրդականը, վախ ներշնչող Օդային հետախուզական ուժերի անդամներից և հիմնադիրներից մեկը։ Հուլիսի 7-ին նա նշանակվել է անվտանգության հարցերով Սիրիայի փոխնախագահ։ Նախկինում նա գլխավորել է Անվտանգության ազգային բյուրոն՝ կոորդինացնելով Սիրիայի բոլոր հատուկ ծառայությունների աշխատանքները»,-հայտնել է Ռոդյեն։
Կրեմլում գեներալ Մամլյուքին շատ լավ են ճանաչում։ Նրա հետ լավ հարաբերություններ են եղել անգամ մինչև Սովետական Միության փլուզումը։ Ռոդյեն ընդգծել է նաև, որ սիրիական հետախուզության բոլոր ղեկավարները փոփոխվել են․ դա չի կարող պատահականություն լինել։