Պատվաստումների դեմ հակաքարոզը շարունակվում է և մասնագետները համավարակի դեմ այլ պայքարող միջոց չեն գտնում, քան պատվաստումն է։ Բոլորը միաբերան պնդում են, խնդրում, նույնիսկ աղերսում գնալ պատվաստման և կտրել կայծակնային արագությամբ ընթացող ու զարգացող մահաբեր վիրուսի շղթան։
Արմեն Մուրադյանը բազմիցս է հորդորել հանրությանը պատվաստվել։ Այսօր ցավալի լուր ստացվեց մեկ ամսական փոքրիկի մահվան դեպքի մասին։ Երեխան վարակվել է համավարակով և բժիշկների ջանքերը ապարդյուն եղան՝ չկարողանալով օգնել նրան։ Այդ ցավալի դեպքի առիթով Արմեն Մուրադյանը գրառմամբ հանդես եկավ, որը սթափեցնող բնույթ ունի։
Բժիշկը պատմել է, թե վիրահատարանում, առհասարակ, ինչ է տեղի ունենում, երբ սեղանին պառկած է հիվանդը և նրա կյանքը կախված է պատխասանատու բժշկից։ Մուրադյանը նշում է․ «Պատմեմ՝ ինչ ենք անում վիրաբույժներս վիրահատարանում, գուցե սթափվեն ոմանք։
Երբ վիրահատության պահին կարծիքների փոխանակում է սկսվում, դա միայն այն ուղղությամբ է , որը վիրահատության պատասխանատուն է ձևավորում։ Երբ այլ քննարկումներ են սկսվում, վիրաբույժը կարծիք արտահայտողին անմիջապես դուրս է հրավիում, քանի որ այդ պահին նա միայն պատասխանատու է հիվանդի կյանքի համար, իսկ կարծիքների փոխանակումն անթույլատրելի է»։ Մուրադյանը գտնում է, որ այս հատվածում ամենաթողություն կա, որը շատերը շփոթում են խոսքի ազատության հետ, ինչն էլ ավելացնում է ողբերգությունները, որոնք դառնում են անհաշվելի։
«Եվս մեկ անգամ պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այլընտրանք չկա՝ պիտի հրատապ լուծման եղանակի գնալ՝ պատվաստումը։ Հ․Գ․ միգուցե կարողանայինք փրկել փոքրիկին, եթե նենգ հիվանդությունը չխանգարեր մեզ․․․»,- գրել է Մուրադյանը։