«Պապ ջան»․․․ այս բառակապակցությունը որդու ձայնով դեռ հոր ականջների մեջ է․ ապրիլյան հերոսի հոր անասելի հուզիչ հիշողությունները

Այսօրվա կանգուն հայրենիքը, խաղաղ առավոտները հազարավոր տղաների սխրանքների արդյունքն են։ Երախտագիտության ու խոնարհումի խոսքեր չեն գտնվում այն հայտնելու համար։ Մարդկանց հոգիներում ափսոսանքի, ցավի զգացումն է ու անկարողությունը․․․ Անկարողություն այդ հազարավոր տղաների ծնողների աչքերին նայելու ու արցունքները սրբելու։

Նրանց աչքերը հավետ կնայեն ճանապարհին ։ Սպասումը խենթացնող է։ Անմահացած հերոսի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, սոցհարթակում գրառում է կատարել, որտեղ պատմել է որդու՝ Անդրանիկ Զոհրաբյանի հետ ունեցած խոսակցության մանրամասները։ Հայրը հիշել է, որ հինգ տարի առաջ՝ մարտի 29-ին՝ կեսգիշերին, հեռախոսային խոսակցություն են ունեցել որդու հետ։ Ասել էր, որ ապրիլի մեկին դիրքեր պետք է բարձրանա, առողջական փոքր խնդիր ուներ, սակայն ասում էր, որ դատարկ բան է,  կանցնի կգնա, պապ ջան․․․

«Պապ ջան»․․․ այս բառակապակցությունը որդու ձայնով ու որդու շուրթերից դեռ հոր ականջների մեջ է։ Անդրանիկը միշտ զուսպ է եղել, հազվադեպ է հորն այդպես դիմել, 2-3 անգամ, այն էլ բանակից։ Հայրը պատմում է, որ մեծացել էր և անգամ խոսքով ուզում էր հոգ տանել։ Հոր և տղայի հարաբերությունները միշտ հավասարակշռված ու զուսպ են եղել։ Եկավ չարաբաստիկ ապրիլի երկուսը ու Անդրանիկը կյանքը տվեց հանուն հայրենիքի, որ նրա ապրած տարիները հաշվեն իր պահած հողի վրա ապրած մարդկանցով։

Հերոսի հայրը շարունակելով գրառումը՝ նշում  է, որ նրանց առջև մենք ազնիվ պետք է լինենք և այցի ժամանակ կարողանանք նայել նրանց աչքերի մեջ ու չամաչել։ Իսկ այսօր այս պարտված վիճակով ամաչում ենք ։ Ատոմ Զոհրաբյանը նշում է, որ թուրքն այսօր մեր տուն է մտել, բայց ոչինչ չի խանգարելու, որ մենք ետ գանք մեր տուն՝ Արցախ։

«Խոստումս նույնն է, Անդրանիկ, որպես ծնող՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ լինելու քո կատարած ընտրությանն ու սխրանքին։ Հավերժ փառք հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր զավակներին»,- ավարտել է գրառումը հերոսի հայրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!