Ավելորդ է ասելը, որ հարկավոր է ուշադիր լինել երեխաների նկատմամբ և առավել ևս նրանց մոտ չթողնել պատուհանին։ Հակառակ պարագայում կարող է տեղի ունենալ անդառնալին։ Չինաստանում ևս ծնողների անփութությունը կարող էր երեխայի համար մի ամբողջ կյանք արժենալ, սակայն բարի մարդկանց շնորհիվ փոքրիկը ողջ-առողջ է։
Չինաստանի Գուանչժոու նահանգի բնակիչը բռնել է երրորդ հարկից ընկնող երեխային։
Միջադեպը տեսագրել են անվտանգության տեսախցիկները։ Ժապավենում երևում է՝ ինչպես է տղամարդը վազում դեպի շենք և վերջին պահին բռնում փոքրիկ տղային։
Պարզվել է, որ տեղի էլեկտրամատակարարման աշխատակից Չեն Հաոն փողոցով քայլելիս նկատել է, որ երեխան լաց է լինում պատուհանագոգին։ Նա երեխային բարձրաձայն ասել է, որ չշարժվի, իսկ ինքը գործընկերոջը շենք է ուղարկել, որպեսզի վերջինն օգնի երեխային։ Սակայն Հաոյի ընկերը չի հասցրել, և տղան ներքև է ընկել։
Դա նկատելով՝ Հաոն վազել է դեպի շենքը և հասցրել բռնել ընկնող երեխային։ Երեխան չի տուժել։
Իսկ թե որտեղ էին նրա ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները և ինչու էին երեխային թույլ տվել մոտենալ բաց պատուհանին, հայտնի չէ։