Ուշագրավ դեպք Մանկավարժական համալսարանում՝ դիպլոմների հանձնման արարողության ժամանակ

Այսօր անսպասելի և հուզիչ պահ է եղել Մանկավարժական համալսարանում՝ ավարտական դիպլոմները հանձնելու ժամանակ։ Դիպլոմ ստացող ուսանողուհին անսպասելիորեն ստացել է նաև ամուսնության առաջարկություն։

Այդ մասին իր սոցհարթակում պատմում է համալսարանի Սկզբնական ֆակուլտետի դեկան Ջուլիետա Գյուլամիրյանը։ Նա գրում է․ «Մեր՝ Սկզբնական կրթության ֆակուլտետը ՀՊՄՀ-ում հայտնի է իր ինքնատիպությամբ, ուսանողակենտրոն կրթական միջավայրով։ Ասեմ ավելին և ամենակարևորը, այն «հարսնացուների օջախ» է։

Այսօր՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, ասածս հաստատվեց մի անակնկալով. երբ շրջանավարտներից մեկը՝ մեր չքնաղ Վարդուհին, ստացավ դիպլոմը, ծաղկեփնջով նրան մոտեցավ շնորհավորելու իր ընկերը՝ Գևորգը։

Անսպասելիորեն նա ծնկեց Վարդուհու առջև և առաջարկեց ամուսնական մատանի։ Դե մենք էլ տվեցինք մեր համաձայնությունն ու օրհնությունը։ Այսպիսին է մեր ֆակուլտետը. դիպլոմի հետ երբեմն նվիրում ենք նաև փոքրիկ բալիկներ»։

Ջուլիետա Գյուլամիրյանը տեղադրել է նաև համապատասխան պատմությունից մի հատված նկարագրող լուսանկարային դրվագ։

Понравилась статья? Поделиться с друзьями: