Ինչպես նախապես հայտնում էին օդերևութաբանները, այսօր կեսօրից հետո եղանակային կտրուկ փոփոխություն եղավ, որն ուղեկցվեց ամպրոպով, կայծակով, անձրևով ու որոշ վայրերում՝ նաև կարկուտով, որը տեղաց բավականին խոշոր հատիկներով ու երկար ժամանակ։
Կարկուտը որոշ լեռնային վայրերում բավականին տևական ժամանակ է տեղացել, ինչի արդյունքում վնասել է գյուղացիների մշակաբույսերը։ Այսօրվա կարկուտը վնաս է պատճառել հատկապես Վարդենիսի մշակաբույսերին։
Այստեղ կարկուտը տևել է ավելի քան քսան րոպե։ Ըստ գյուղացիների պատմածների և հրապարակած կադրերի՝ տևական տեղացած առատ ու խոշոր հատիկներով կարկուտը վնասել, ամբողջովին գետնին է հավասարեցրել կարտոֆիլի մշակաբույսերը։
Վարդենիսից հրապարակված այսօրվա հետկարկտային կադրերում երևում է, թե ինչպես է կարկուտի հատիկներով ծածկվել ողջ գետինը՝ սպիտակեցնելով շրջակայքը և նմանվելով ձյունածածկի։
Դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես ինչ չափի վնաս է տվել կարկուտը այս տարածաշրջանում, սակայն գյուղացիների մոտ տրամաբրություններն ու ակնկալիքներն այնքան էլ լավատեսական չեն։