Եղանակը ցրտել է և տաք թեյն արդեն հաճելի է դարձել։ Առաջարկում ենք թեյի հետ պատրաստել համեղ գաթա շերտավոր խմորով և ջերմանալ համեղ սեղանի շուրջ։ Շերտավոր խմորով ու խնձորով ամենահամեղ թխուկներ։
Անհրաժեշտ է՝
Խնձոր — 1 կգ
Չամիչ, ընկույզ, դարչին — 1 բուռ
Շերտավոր խմոր — 1 կգ
Դեղնուց — 1 հ․
Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Եթե օգտագործելու եք քաղցր խնձորներ շաքարավազի կարիք չի լինի, իսկ եթե խնձորները թթվաշ կլինեն, ապա օգտագործեք կես թեյի բաժակ շաքարավազ։ Եվ այսպես, խնձորը քերել քերիչի խոշոր կողմով (առանց կեղևազատման) և չոր թավայի մեջ եփել 3-4 րոպե մինչ հյութի ցամաքելը։
Կրակի վրայից վերցնել, ավելացնել չամիչ, ընկույզ ու դարչին: Շերտավոր խմորը գրտնակել ոչ շատ բարակ, կտրել եռանկյունաձև, վրան դնել 1 ճ․գ․ միջուկ, ապա փաթաթել:
Վրայից քսել դեղնուց և թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում մինչ թխուկները կկարմրեն: Ցանել շաքարի փոշի և մատուցել: