Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը որդու ծննդյան օրվա առիթով գրում է․ «Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախ ծառայության մեջ գտնվող զինվոր Ալբերտին ասելու՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս կդառնար 20 տարեկան, բայց չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ 20 տարեկանում ու դրանից հետո:
Այս աշխարհում քո բացակայությունը ոչ ոք, ոչ մի կերպ չի լրացնի: Մարտի դաշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի, պայքարող տեսակի, բռնկված ցասումդ արտացոլող ու դրա կողքին միաժամանակ, բարի ու խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ այնքան իրարամերժ էմոցիաներ ու անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19-ամյա պայքարող մարտիկ։
Այսօր քո տարեդարձին,կրկին անգամ դիմում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, «Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներից ժամանակվոր բլուր սարքելու փոխարեն, այդ ծաղկի գումարները կուտակենք ստորև բերված հաշվեհամարներին։
VTB բանկ
AMD 16040116084300
USD 16040116084301
EUR 16040116084302
RUR 16040116084303
Նպատակը մի բարի գործ ավելին անելն է: Ուզում եմ, որ այն բարությունն ու ջերմությունը, որ Ալբերտն իր լուսավոր ներկայությամբ հաղորդում էր շրջապատող մարդկանց, բարի գործերի տեսքով շարունակական բնույթ կրի. Ալբերտն այդպիսով է հիմա ապրում:
Երկնային ծնունդդ շնորհավոր, որդի՛ս: Հպարտ եմ որպես քո հայր, բայց որպես հայ մարդ՝ խոնարհումս քեզ»: