«Մեր շենքում ֆրանսիացի մի զույգ է ապրում։ Նրանց մոտ հաճախ հյուր է լինում իրենց ֆրանսիացի ընկերը»․ ֆանտաստիկ պատմություն Հայաստանում ապրող ֆրանսիացի զույգի մասին

Անահիտ Քեշիշյանը գրում է․ «Մեր շենքում ֆրանսիացի մի զույգ է ապրում։ Նրանց մոտ հաճախ հյուր է լինում իրենց ֆրանսիացի ընկերը։ Հայերեն չգիտեն, բակում նստող շենքեցիներն էլ ֆրանսերեն կամ անգլերեն չգիտեն, սակայն կարողացել են ստեղծել հարգալից ու բարի կապ։ Բայց կարևորը դա չէ, այլ այն, որ մեր այս անուշ զույգը ցնցել է շենքի բնակիչներին։

Մի քանի ամիս առաջ սրանք ձեռ ու ոտով հասկացրել են, որ ուզում են մաքրել շենքի դիմացի աջ կողմում գտնվող լքված տարածքի մի հատված, որ բանջարեղեն ցանեն։ Այդ տարածքը, որ լցված էր մի հազար տարվա աղբով, հին, ջարդված, փտած, ժանգած իրերով, հիմա դարձել է այս զույգի փոքրիկ դրախտը, ինչպես ասում են իրենք։

Այսօր ինձ լոլիկներ ու կանաչ ռեհան տվեցին։ Ասում եմ՝ մի քիչ էլ խորացեք, տեղ կա շատ, ասում են՝ մյուս տարի։ Հավանաբար մյուս տարի արդեն սեփականատերը սկսի ծրագրված հյուրանոցի կառուցումը։ Տեսնենք։ Մի ուրիշ բան էլ են նկատել հարևան-պահակները, որ այս մարդիկ ամեն անգամ հավաքում պարտեզիկի շուրջի աղբը, լցնում են իրենց տոպրակների մեջ։

Մի անգամ նույնիսկ ինչ-որ անծանոթ շան կղկղանքն են հավաքել դրել տոպրակի մետ։ Այ, սա է, որ պիտի տեղի ունենա մեր երկրում։ Հողի, ջրի, մաքրության նկատմամբ սեր ու հոգածություն։ Կամաց-կամաց։ Ֆրանսիայից այցելող իրենց ընկերները այնքան են սիրում Հայաստանը, որ հաճախ իրենց վերադարձի տոմսը փոխում կամ չեղարկում են, որ երկար մնան այստեղ։


Իրենք էլ երկու շաբաթից աշխատանքի բերումով Քալիֆորնիա պիտի մեկնեն, բայց փորձելու են վերադառնալ փետրվարին՝ երկարաժամկետ։ Հարցրի՝ ո՞վ է խնամելու մեր շենքի ետնաբակում փորած իրենց այգին, ասաց՝ ֆրանսիացի ընկերն ու կինը։ Բարի երթ այս սիրուն մարդկանց»։

Понравилась статья? Поделиться с друзьями: