«Մեր ամուսնության 20 տարին լրացավ այսօր ու մեր մեծ տղան դարձավ 19 տարեկան․․․» անմահացած Արտուշ Արզումանյանի կնոջ սրտառուչ խոսքերից անհնար է չհուզվելը

Հռիփսիմե Մարտիրոսյանն անմահացած ամուսնու մասին գրում է․ «Մեր ամուսնության 20 տարին լրացավ այսօր ու մեր մեծ տղան դարձավ 19 տարեկան։ Երանի այն ժամանակը կրկին հետ գար, Արայիս սպասեինք երկուսով ու ապրեինք Արա լեռան հատվածում. նույն լքված տան մեջ՝ տանիքից կաթացող ջրերի տակ ու ամայի դաշտում քեզ սպասելուց լինեի։

Ասում են՝ Սերեր կան, որ հաղթել են պատերազմին, բայց քանի պատերազմներ հաղթեցինք միասին. 20 տարի ապրեցի կողքիդ, քեզ հետ հավասար կանգնեցի զինվորներիդ կողքին. ես սովոր էի ապրել ռմբակոծությունների տակ, բայց միշտ լինեի աշխարհի ամենաապահով տեղում՝ քո կողքին։ Ինձ համար սովորական էր քո՝ իմ կողքին չլինելը, միշտ սահման հսկելը, բայց անսովոր է այսքան բացակադ. ախր պիտի գայիր սահմանից ու պիտի այսօր շնորհավորեինք միասին մեր տղային։

Այնքան էիր երազում Արային տեսնել զինվորական համազգեստով, այնքան էիր երազում տեսնել որդուդ բժշկի մասնագիտությամբ՝ չհասցրեցիր։ Արան, Էրիկն ու Կարենը կլինեն այն տեղում, որտեղ միշտ պատկերացրել ես, որովհետև վստահ եմ՝ քո անսահման ուժը կուղեկցի նրանց, բայց մինչև ոսկորներ ու դեռ ավելին սահմռկեցուցիչ կարոտը կրծում է հոգիս։

Հիմա էլ ու միշտ սիրում եմ քեզ բոլորից առավել, իմ կյանքի ամենաթանկ ՄԱՐԴ։ Կհանդիպենք դեռ ու այնքան շատ կխոսենք այս պատերազմից, որը ստիպեց շատերին ճանաչել քեզ նման խիզախ զինվորականին, բայց թե ինչ հոգի ունես՝ անհրաժեշտ եղավ Աստծուն. դու չափազանց զորեղ ես այս կյանքի համար, քեզ նման աստվածընտրյալ մարդիկ վերևից պիտի հսկեն Հայաստանիս ու Արցախիս, որ այլևս ոչ մի փամփուշտ անպատասխան չմնա»։

Понравилась статья? Поделиться с друзьями: