Հերոսածին մայրերը իրենք էլ հերոս են, իրական հերոս։ Ապրել անվերջանալի կեղեքող ցավով․․․ եթե դա հերոսություն չէ, ապա էլ ինչպես կոչել։ Նրանք անվերջ սպասում են, նանք ապրում են՝ չապրելով։
Այս մայրերի շարքում է նաև հայտնի լրագրող Կարին Տոնոյանը։ Նրա որդուն Մենուային, ճանաչում են բոլորը։ Կապուտաչյա հերոսը բոլորիս հերոսն է։ Նրա մայրը երբեմն պատմում է որդու մասին իր համացանցային գրառումներում և փորձում գոնե այդ կերպ մի փոքր մեղմել ցավը, հանդարտվել, խաղաղվել։
Այս անգամ Կարին Տոնոյանը ընտանեկան մի դրվագ է պատմել, որը տակնուվրա է անում հոգիդ։ Նա գրել է․ «Մե՛ն… Սարդուրը երեկ ձեր սիրած աջարական խաչապուրին էր ուզել:
Ուտելիս հարցրեց. «Մա՛մ, հիշո՞ւմ ես, որ ես ու պապան իրար հետ էինք ուտում աջարական․․․ Հիմա ես մենակ եմ ուտում… Թամարը փորձեց սփոփել. «Հա, բայց պապան գնաց, որ քեզ ու քո բոլոր ընկերներին պաշտպանի: Սարդուրը չհամաձայնեց, Մե՛ն. «Իմ ընկերներին թող իրենց պապաները պաշտպանեն, որ պապաս էլ տուն գա…»։
Մե՛ն, տուն արի: Միևնույն է, մենք երբեք չենք դադարի քեզ սպասել։ Դու խլեցիր մեր բոլոր երազանքները, Մե՛ն, ու թողեցիր միայն մեկը՝ անհնարինը…»։