Մահացու հիվանդությամբ տառապող որդին մորը դեպի խորան է ուղեկցել

Շոտլանդիայի Բաթգեյթ քաղաքում կինն ամուսնացել է և իր մահացու հիվանդ որդուն խնդրել է իրեն դեպի խորան ուղեկցել։

30-ամյա Մաքսին Քոնելին որոշել է հարսանիք կազմակերպել, որպեսզի սրտի արատով տառապող իր որդին՝ Ջեքը, կարողանա ներկա գտնվել այդ արարողությանը։ Սկզբում, իմանալով երեխայի ախտորոշման մասին, նա որոշել է հետաձգել արարողությունը, սակայն հետո հասկացել՝ Ջեքը կարող է ընդհանրապես ականատես չլինել ծնողների հարսանիքին։ Զույգը միասին է արդեն 13 տարի և մի քանի երեխայի է դաստիարակում։

Ջեքին սրտի արատ են ախտորոշել ծնվելիս։ Նա մի քանի լուրջ վիրահատություն է տարել, որոնցից մեկը՝ սրտի բաց վիրահատություն։ Անցած տարի նրա մայրը ստիպված է եղել թողնել աշխատանքը՝ հիվանդ որդուն խնամելու համար։ Այդ պատճառով Մայքլը և Մաքսինը չեն կարողացել իրենց թույլ տալ հարսանիք անել, սակայն «Երազանքների օրը» զույգը 15 հազար ֆունտ սթեռլինգ է շահել և որոշել այդ իրադարձության համար ծախսել։

Քոնելիի խոսքով՝ Ջեքը հպարտացել է, որ կարողացել է ներկա գտնվել հարսանիքին և մորը դեպի խորան առաջնորդել։ Սովորաբար տղան հաշմանդամի սայլակից է օգտվում, սակայն հարսանիքի օրը ինքնուրույն մորը դեպի խորան է ուղեկցել։

«Բոլորը սկսեցին լաց լինել։ Ես ևս ցանկանում էի լաց լինել, որովհետև կարծում էի, թե դա երբեք տեղի չի ունենա։ Ես այնքան եմ հպարտանում նրանով»,-ասել է կինը։

Понравилась статья? Поделиться с друзьями: