Հայրենիքի այսօրվա գարունը առաջնագծում կանգնած լուսավոր տղաների կյանքի գնով է։ Այդ ինչքան զգույշ ու արժանավոր պետք է ապրել, որ կարողանանք արժանանալ նրանց։ Երախտագիտության և ոչ մի խոսք բավարար չէ մեր հոգիները հանգստացնելու համար։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ հնչեցնենք նրանց անունները ամենտարբեր հարթակներից, որ նրանք հավերժ լինեն, որ սերունդները նրանց սխրանքով ոգևորված կերտեն հզոր հայրենիք և վստահ ու խրոխտ քայլերով առաջ ընթանան։
Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է անմահացած հերոս Աբրահամ Սադոյանի մասին։ Աբրահամը ծնվել է 2002 թ., Արագածոտնի մարզի Կոշ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո մասնակցել է վարորդական դասընթացների և վերջացնելուց հետո մեկնել ծառայության։
Ծառայությունն անցկացնում էր Մեղրիում, Ագարակ։ Երբ սկսվեց պատերազմը, Աբրահամը 2 ամսվա ծառայող էր․ նրան տեղափոխել էին Ջաբրայիլ։ Հարազատներից և ոչ մեկին մինչև վերջին օրը չի ասել, որ ինքը պատերազմի թեժ կետում է: Մշտապես հավատացնում էր, որ ինքը լավ է և ամեն ինչ նորմալ է։
Անմահացել է 2020-ի հոկտեմբերի 9-ին՝ անօդաչուի հարվածից։ Կյանքով լի երիտասարդն ուներ բազում երազանքներ, որոնք այդպես էլ չիրականացան։ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է շքանշանով։ Հիշատակդ հավերժ․․․