Հայ ժողովրդի պայքարը՝ դարերի խորքից․ Յարխուշտա

Յարխուշտան ռազմի պար է, որը ծագել է մշեցի և սասունցի հայերի շրջանում։ Ներկայում այն պարում են և որպես ժառանգություն հաջորդ սերունդներին փոխանցում Արագած սարի լանջերին ծվարած մշեցիներն ու սասունցիները։ Դա եզակի պարերից է, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության գրեթե չեն ենթարկվել։

«Յարխուշտա» բառացի նշանակում է «զենքի ընկեր»։ Պարի ժամանակ զենքեր են փոխանակվել։ Դարեր շարունակ թշնամիների դեմ պայքարած հայ ժողովուրդը չէր կարող պատերազմի աստծուն ձոնված պար չունենալ։ Ուստի, այն ծիսական պար է եղել և նվիրված ռազմի աստծուն՝ Վահագնին։

Սասունցին միշտ պարել է․ նա իր տխրությունն ու թախիծը, ուրախությունն ու երջանկությունը պարի միջոցով է արտահայտել։ Հայտնի փաստ է՝ կռվից առաջ Գևորգ Չաուշը զինվորներին ստիպել է Յարխուշտա պարել՝ մարտական ոգին բարձրացնելու համար։

Եվ անժխտելի է՝ Յարխուշտան լոկ չեն պարում․ այն զգում են, դրանով ապրում են։ Դա պար չէ, դա կռիվ է և պայքար՝ հայ ժողովրդի՝ դարերի խորքից եկած գոյապայքարը։

Պատահական չէ, որ Յարխուշտա ամենից լավ պարում են մշեցիներն ու սասունցիները։ Չէ՞ որ դա նրանց արյան մեջ է, այն որպես մասունք նրանց փոխանցվել է հորից որդի՝ հաջորդ սերնդին փոխանցելու պատգամով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!