Այսօր առավոտյան հայտնվեց ուրախալի նորություն այն մասին, որ հայրենիք վերադառնալու հնարավորություն են ստացել տասը գերիներ, ովքեր գտնվում էին Ադրբեջանում։ Եթե նախկին գերիների դեպքում միջնորդը ռուսական կողմն էր, ապա այս անգամ միջնորդական նախաձեռնությամբ է հանդես եկել Շարլ Միշելը։
Հիշեցնենք, որ օրերս Եվրոպական խորհրդի նախագահի հետ են հանդիպել հայկական և ադրբեջանական պետությունների ղեկավարները, որից հետո հայտնվեցին կառուցողական հայտարարություններ։
Հայտնի է, որ վերադարձած տղաները Խծաբերդի հայտնի դեպքերի ժամանակ գերեվարված սահմանապահներն են եղել։ Շիրակի ներկայիս մարզպետը՝ Նազելի Բաղդասարյանը, հայտնել է, որ վերադարձողներից երկուսը՝ Հրաչիկ Գալստյանը և Սևակ Պետրոսյանը, գյումրեցիներ են։
Մարզպետը լիահույս է, որ Խծաբերդում գերեվարված մյուս տղաները ևս առաջիկայում հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենան։ Հասանելի են վերադարձող տասը տղաների անունները և նրանց ծննդյան ամսաթվերը։
Տղաները տարբեր տարիքի և տարբեր բնակավայրերի քաղաքացիներ են։ Դատելով առկա տվյալներից՝ նրանք բոլորն էլ, ըստ էության, պայմանագրայիններ կամ կամավորականներ են։