«Հայաստանում գոյություն ունի մարդկանց խումբ, ովքեր փող են ստանում՝ ամսեկան մի քանի հազար դոլար, որպեսզի հայ-թուրքական առճակատումը պահեն․․․»

Աշոտ Տերտերյանը գրում է․ «Հայաստանի մտավոր վերնախավի խնդիրն է Հայաստանի իրավիճակի իրական  գնահատականի ներկայացումը ժողովրդին։ Սա իսկապես լուրջ խնդիր է։ Հայաստանում գոյություն ունի մարդկանց խումբ, ովքեր փող են ստանում՝ ամսեկան մի քանի հազար դոլար, որպեսզի հայ-թուրքական առճակատումը պահեն։

Մարդկանց մի խումբ էլ ընկել է նրանց խելքին՝ թե բա ճիշտ են ասում՝ թուրքի հետ հարաբերություն կարգավորելը դավաճանություն է։ Այնինչ նրանք լավ մշակված ու անգիր արած տեքստեր ունեն՝ Թուրքիայի հետ առճակատումը շարունակելու, որոնք հարցազրույցների ժամանակ արտասանում են և վճարվում դրա դիմաց։

Նրանք մտածելու տեղ չունեն, ի տարբերություն ժողովրդի։ Մտածելու տեղ չունեն նաև Հայաստանից դուրս ապրող հայերը։ Իսկ Հայաստանում ապրող ժողովուրդը, լուրջ մտածելու տեղ ունի։ Ամբողջ երկրում 2-3 նորմալ հիվանդանոց կա։

Երկրի առողջապահական համակարգը քայքաված վիճակում է գտնվում՝ և շենքային պայմանները, և բժշկական սարքավորումները, և բժիշկների քանակն ու որակը։ Առողջապահական համակարգը արդյունավետ չի գործում։ Հսկայական ներդրումներ են անհրաժեշտ ոտքի հանելու համար։ Նույնը դպրոցները։

Բազմաթիվ դպրոցներում աշակերտները երբ ուզում գնում են դպրոց, երբ ուզում չեն գնում։ Ուսուցիչներն էլ ՝ վերջին անգամ աշխատավարձի շոշափելի բարձրացում 10 տարի առաջ են ունեցել, ու առանձնապես շահագրգռված չեն գործ անելու, ոչ էլ որակ ունեն։ Բնակարանային ֆոնդը ևս քայքայված ու մաշված է։

Երևանում քիչ թե շատ լուրջ երկրաշարժի դեպքում շենքերի կեսը կփլվի։ Իսկ նման երկրաշարժ լինելու է, որովհետև Երևանը ակտիվ սեյսմիկ գոտում է։ Բանակը ահռելի ներդրումների կարիք ունի։ Խոսքը տարեկան 3-4 միլիարդ դոլարի մասին է՝ ՀՀ ամբողջ բյուջեից ավելի շատ։ Ներկա Հայաստանի համար սրանք լուծելի խնդիրներ չեն։

Ու չի ներկայացվում ժողովրդին թե քանի տասնյակ միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Ուղղակի չի ներկայացվում։ Փոխարենը հայ-թուրքական խնդիրը տեղափոխվել է ինչ-որ պատվի ու ազգային արժանապատվության դաշտ։ Մարդիկ ճամպրուկը դասավորում են ու հեռանում, իսկ այստեղ հայ-թուրքական առճակատում են խաղացնում։

Ումո՞վ եք առճակատում պահելու։ Բազմիցս նշվել է, որ ՀՀ ռեսուրսները սպառված են։ Վերջ։ Մենք հասել ենք վերջին։ Սա փողով հարցազրույց տվողները երբեք չեն ասի ձեզ։ Դուք նրանց քիչ լսեք։ Այլևս հնրավորություն չկա Թուրքիայի դեմ առճակատում շարունակելու։ Ուզում ես ազգային արժանապատվություն ունեցիր, ուզում ես ոչ։

Հայաստանը ռեսուրս չունի առճակատում շարունակելու։ Սա պարզ միտք է։ Բարդ նախադասություն չեմ գրել։ Հայաստանը կորցրել է իր կենսունակությունը, որը երբեք էլ մեծ չի եղել։ Նրանք ովքեր դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և փող չեն ստանում դրա դիմաց, հենց հիմա թող մտածեն թե քայքայված ու սպառված ռեսուրսներով Հայաստանը ինչպես է դիմագրավելու արտաքին մարտահրավերներին ու ինչպես է բնակչության՝ գոնե ներկա մակարդակը պահելու։

Չի լինելու գիտություն, չի լինելու բանակ, չի լինելու կրթություն, չի լինելու բնակչություն, քանի որ այդ ամենը հայրենասիրության հետ կապ չունի։ Լավ աշխատելով ու լավ սովորելով Հայաստանի ռեսուրսները չեն վերականգնվի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: