«Կրեմլի թելադրանքով Ադրբեջանի թյուրքական պետականությանն է փոխանցվում Հայաստանի Հանրպետության միջազգայնորեն ճանաչված, ռազմավարական նշանակության ահռելի մի տարածք․․․»

Լևոն Շիրինյանը գրում է․ «Հայրենակի՛ց և աշխարհի քաղաքակիրթ մարդկությու՛ն, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության հոշոտման ու պետականության քայքայման գործընթացը նոր փուլ է մտնում․ Հետպատերազմյան Հայաստանի Հանրապետությունը ոխերիմ բարեկամների և ոխերիմ թշնամիների կողմից ծվեն ծվեն անելու փորձ է կատարվում: Դեպի Թուրան արշավանքը նոր թափ է ստանում՝ սպառնալով ոչ միայն հայ ժողովրդի պետականությանը, այլ նաև համաշխարհային քաղաքակրթությանը:

Դժբախտությունն այն է, որ այս քաղաքականության ակունքներում Կրեմլի տիրակալն է, իսկ քարոզչական առաջնագծում` ծագումով հայ, սակայն հայկական ինքությունը վաղուց կորցրած խղճուկ մի խումբ: Կրեմլի թելադրանքով Ադրբեջանի թյուրքական պետականությանն է փոխանցվում Հայաստանի Հանրպետության միջազգայնորեն ճանաչված, ռազմավարական նշանակության ահռելի մի տարածք:

Հայաստանին պարտադրվում է ռուս-թուրքական շահերը սպասարկող, սակայն տարածաշրջանի անվտանգությունը խաթարող մի իրողություն, մինչդեռ նշված սպառնալիքների չեզոքացման և Հայաստանի Հանրապետության և բովանդակ հայ ժողովրդի շահը արտացոլում է Սյունյաց «Հարավ-հյուսիս» մայրուղին: Ինքնին հասկանալի է, որ տվյալ մայրուղին հեռացնում է մահացու սպառնալիքը նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի և Արաբական աշխարհի որոշ երկրներից:

Այդուհանդերձ, վիճակը անհուսալի չէ և անհուսալի չէ հայ ժողովրդի միասնական կամքի պարագայում, մանավանդ, որ թուրանական ռուս-թուրքական գործընթացը համահունչ չէ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կենսական շահերի հետ:

 

Ուստի այս պահից իսկ համաշխարհային հայությունը և նրա բարեկամները, ընտրելով՝ «Ձեռներդ հեռու՝ Հայաստանի Հանրապետությունից» կարգախոսը, պետք է պահանջեն Կրեմլից զսպել և չափավորել Ադրբեջանի ազգայնամոլ իշխանության ախորժակը և, ի վերջո, կատարել Հայաստանի Հանրապետության իբրև թե դաշնակցի պարտականությունները: Ի գո՛րծ, քույրեր և եղբայրներ, տիկնայք և պարոնայք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: