«Կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ հետևյալը»․ Հայկ Մարությանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Եթե վերանանք Հայկ Մարությանի աջակիցների գրառումներից ու ՔՊ համակիրների անհաջող մեդիաարշավից, ապա կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ հետևյալը․

✓Երևանը Հայաստանի կեսն է բնակչությամբ, եթե ոչ ավելին։ Ո՞վ չգիտի, որ Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Իսկ եթե քաղաքական պաշտոն է, ապա անկախ քաղաքապետի լավ կամ վատ աշխատանքից, նա չի կարող իշխող քաղաքական թիմի անդամ չլինել։

✓ՔՊ–ն կամացից կուսակցություն է դառնում։ Սակայն ոչ թե հասկացության քաղաքագիտական իմաստով, այլ՝ հայկական ընկալմամբ (առաջնորդահպատակություն)։

✓ՔՊ–ն, չնայած ունենալով բավականաչափ ռեսուրսներ, մեդիաարշավ չի կարողանում կազմակերպել։ Կամ կազմակերպում է չափազանց ապաշնորհ կերպով, որն անգամ սկսնակ մեդիագրագետ մարդու քմծիծաղն է առաջացնում։

✓Հայկ Մարությանի լավ աշխատանքն իշխանությունը կարող էր գեներացնել յուր իմիջի շուրջ։ Ինչու՞ չարվեց, ես դա չգիտեմ։ Ինչու՞ է նման վարքագիծ՝ դա նույնպես չեմ կարող բացատրել, ինչպես չեմ կարող բացատրել Բրոունյան շարժումը։

 

✓Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո որևէ շարժում չի կարող սկսվել։ Աջակցող ստատուս գրողների տասը տոկոսն անգամ փողոց դուրս չեն գա։ Էս ցրտին մարդ իր սիրած աղջկան է հազիվ ժամ ու կես, երկու ժամ սպասում, ուր մնաց քաղաքական ակցիայի դուրս գա։

✓Հայկ Մարությանը ապագայում ևս չի կարող որևէ քաղաքական շարժում ղեկավարել, քանի որ նա տեսակով քաղաքական չէ, չունի քաղաքական խոսք, միտք և այլն։ Իհարկե կարող է ուժեղացնել ցանկացած կուսակցություն, ինչպես ներկայիս ՄԻՊ–ը, եթե որոշի զբաղվել քաղաքականությամբ, բայց ոչ ավելին։

 

✓ՔՊ–ն փորձելու է հնարավոր բոլոր մեթոդներով «զավթել» ՏԻՄ իշխանությունը։ Իսկ դա հավաստումներից մեկն է այն բանի, որ իշխող թիմը բովանդակություն չի կարող բերել դաշտ, այլընտրանքը՝ վարչական ու այլ մեթոդներով, որքան ստացվի։

Հնարավո՞ր էր ավելի զուսպ լինել։ Իհարկե հնարավոր էր։ ՔՊ–ն կարող էր ուղիղ ու բաց ասել․ քանի որ Հայկ Մարությանն այլևս քաղաքական թիմի անդամ չէ, իսկ Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, ապա նա պետք է հեռանա։

Սրանով, թե Ձեր նյարդերը կխնայեին, թե իրենց աջակիցներին չէին դնի ծիծաղելի, որոշ դեպքերում նաև քստմնելի կացության մեջ։ Մեդիան ստիպում է, որ շատ ֆայլեր հավաքեք, բայց ունենաք կարճ հիշողություն։ Առողջ եղեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!