Վահե Աղաջանյանը գրում է․ «Ծանոթացա այսօրվա ամենազավեշտալի լուրին․ բանակում, ավելի կոնկրետ Կապանի զորամասում նորակոչիկ զինվորին ստիպել են զուգարան մաքրել, այնուհետև ծեծել են, հայհոյել են և այլն, ինչի հետևանքով զինվորի ծնողները ստիպված դիմել են ԶԼՄ-ներին, տրամադրել զինվորի լուսանկարները, անուն-ազգանունը և խնդրել տարածել՝ խնդրին լուծում տալու համար։ Կրկնում եմ՝ իրավիճակի այլ ելք չեն տեսել, քան այդ քայլին դիմելը։ Ի դեպ, զինվորը եզդի է։
Խոսք է գնում նաև այն մասին, որ զինվորը հրաժարվել է մասնակցել մաքրությանը, ավելի կոնկրետ՝ ավել անել։ Բանակում մենք հաճախ էինք ունենում դեպքեր, երբ նորակոչիկները նման պահված էին դրսևորում՝ ինչ-որ ֆիլմերի ազդեցության տակ մնալով, այնուամենայնիվ, խնդիրն արագ հարթվում էր սերժանտների, հրամանատարական կազմի անհատական աշխատանքի արդյունքում, բայց ոչ երբեք նորակոչիկին ծեծելով։
Ակնհայտ է, որ գործ ունենք զորամասի հրամանատարական կազմի թերացման, ավելի կոնկրետ՝ բացակայության հետ։ Ես ուղիղ ասում եմ՝ իմ ծառայության ընթացքում ևս ականատես եմ եղել, թե ինչպես էին որոշ չինքնահաստատված սպաներ հայ զինվորի նկատմամբ իրենց պահում շատ ավելի վատ, քան դա կաներ օրինակ թշնամի թուրքը։
Պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումից անցել է արդեն մի քանի ամիս, և այն տեղեկությունները, որոնք գալիս են բանակից, հուսադրող չեն․ բանակում շարունակվում է խաղամոլությունը, շարունակում է արմատացած մնալ քրեական ենթամշակույթը (իրար հայհոյելը, այդ թվում՝ սպան զինվորին) և այլ արատավոր երևույթներ։
Հայկական բանակում ճգնաժամ է, բառիս ուղիղ իմաստով ճգնաժամ, որը լուծելու և կարգապահ, մարտունակ բանակ ստեղծելու համար անհրաժեշտ է նախարար Սուրեն Պապիկյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի հրաժարականը, որոնց փոխարեն զինվորական բարձրագույն պաշտոնների կնշանակվեն այն մարդիկ, որոնք իրապես կարող են լուծել բանակի խնդիրները, այլ ոչ թե վայելել նախարարական աթոռները»։