Հրաչուհի Ութմազյանը ժամանակին հոր՝ դերասան Արթուր Ութմազյանի հետ ասմունքի հրաշալի երեկոներում էր հանդես գալիս։ Նա այժմ էլ երբեմն նման ձևաչափում հանդես է գալիս, սակայն առավել շատ հաղորդավարական գործունեություն ունի։
Հանրությունը սիրում և ջերմորեն է ընդունում ինչպես Արթուր Ութմազյանին, այնպես էլ դստերը՝ տաղանդավոր Հրաչուհի Ութմազյանին։ Այսօր՝ հունվարի չորսին, Արթուր Ութմազյանի ծննդյան օրն է։
Այս առիթով կեսգիշերին հայրիկին շնորհավորել է Հրաչուհին։ Նա համացանցային հարթակում հոր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, վարպե՛տ»։ Տաղանդաշատ դերասանն այսօր դարձավ 74 տարեկան։
Նա Հայկարամ Ութմազյանի և Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչուհի Ջինանյանի որդին է։ Դերասանը բազմաթիվ հրաշալի դերեր է կերտել և երկար տարիներ հանդես եկել ասմունքի հեղինակային երեկոներում։
Դերասանը հրաշալիորեն ներկայացել է խոհական-պաթետիկ ոճով՝ կատարելով հայ դասականների ստեղծագործությունները։ Նա անզուգական, ականջահաճո ելույթներ է ունեցել և գրավել հանդիսատեսին։