Խաղ՝ սեռի հետ․ Դևիդ Ռեյմերի ողբերգական պատմությունը

Դևիդ Ռեյմերն ամենից ոչ միանշանակ և դաժան հոգեբանական գիտափորձերից մեկի զոհն է։ Այսպես, լույս աշխարհ գալով որպես տղա՝ բժիշկների ճակատագրական սխալի պատճառով, նա աղջկա դաստիարակություն է ստացել։

Դևիդ Ռեյմերը (Բրյուս Փիթեր Ռեյմեր) ծնվել է 1965-ին, Կանադայում։ Նա Ջանեթ Գրեյս Ռեմերի և Ռոնալդ Փիթեր Ռեյմերի երկվորյակ որդիներից մեկն էր։ 6 ամսականում բժիշկները տղաների մոտ ֆիմոզ են ախտորոշել (սեռական անդամի գլխիկը հայտնաբերելու անհնարինություն)։ 8 ամսականում բժիշկների պնդմամբ երկու տղաներն էլ թլպատվել են։ Վիրահատության ժամանակ բժիշկները վնասել են Բրյուսի սեռական օրգանը՝ այն այրելով։

Բալթիմորում Ջոն Հոփքինսի անվան հիվանդանոցում բժիշկ Ջոն Մանին Բրյուսի ծնողներին խորհուրդ է տվել ամբողջությամբ վիրահատել նրա սեռական օրգանը՝ միանգամայն փոխելով նրա սեռը։

22 ամսականում Բրյուսը սեռափոխության վիրահատություն է տարել և դարձել Բրենդա։ Բժիշկ Մանին այդ աբողջ ընթացքում ընտանիքին հոգեբանական օգնություն է ցուցաբերել, երեխաները նորմալ են մեծացել, իսկ ծնողները գլխի չեն էլ ընկել, որ հոգեբանական գիտափորձի օբյեկտ են հանդիսանում։ Այսպես, Բրյուս-Բրենդայի օրինակով Ջոն Մանին փորձել է ապացուցել իր տեսությունը, համաձայն որի՝ սեռական պատկանելությունը որոշում է ոչ թե բնությունը, այլ դաստիարակությունը։

Սակայն Բրենդային ավելի դուր էին գալիս տղաների համար նախատեսված խաղալիքներն ու խաղերը, բացի այդ նրան կազմվածքը նման էր տղայի։ Այդ պատճառով հասակակիցները նրան հաճախ էին ծաղրում, և երեխան սթրեսի էր ենթարկվում։

15 տարեկանում ծնողները նրան պատմել են ամբողջ ճշմարտությունը։ Բրենդան որոշել է ապրել տղամարդու նման և նոր կյանք սկսել՝ իրեն Դևիդ անվանակոչելով։

Մի շարք վիրահատություններից և բուժման կուրսերից հետո Դևիդը 1990-ին ամուսնացել է Ջեյն Ֆոնթեյնի հետ և երեք երեխա որդեգրել։

Դևիդի պատմությունը հայտնի դարձավ, երբ նա այդ մասին կիսվեց սեքսոլոգ գիտնական Միլթոն Դայմոնդի հետ։ Նրա մասին հոդվածներ, անգամ գրքեր գրվեցին։ Այդ ամբողջ ընթացքում Ռեյմերների ընտանիքը հակադեպրեսանտների օգնությանն էր դիմում՝ չկարողանալով տանել հոգեբանական ճնշումները։ Այդ պատճառով է մահանում Դևիդի եղբայրը՝ 36-ամյա Բրայանը։ Իսկ 2004-ին Դևիդի կինը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Մայիսի 5-ին Դևիդ Ռեյմերը մթերքներ գնելու պատրվակով տնից դուրս է եկել և ինքնասպանությամբ վերջ դրել կյանքին։ 38-ամյա տղամարդն ատրճանակով սեփական գլխին է կրակել։

Երկու որդիներին կորցրած Ռեյմեր ամուսիններն ամեն ինչում մեղադրում են Ջոն Մանիին, որն այդպես էլ չի արձագանքել։

Понравилась статья? Поделиться с друзьями: