Վազգեն Սարգսյանն իր ժամանակակիցների մոտ անջնջելի և հիացմունքի արժանի բազմաթիվ հիշողություններ է թողել իր մասին։ Նա պետական, ռազմական բացառի գործիչ էր, ով իր արարքներով մարտահրավեր էր նետում հայրենիքի հանդեպ անպարկեշտ վերաբերմունք ունեցողներին։
Նմանօրինակ մի դեպք է հիշել նրա մտերիմներից մեկը։ Օգոստոսյան մի օր Վազգեն Սարգսյանը հիշել է, թե ինչպես է ժամանակին Ադրբեջանի նախագահներից Էլչիբեյը պոռոտախոսել ու ասել, որ առաջիկայում պատրաստվում է ոտքերը թրջել Սևանա լճի ջրերում։
Այս հիշողությունը սպարապետի մոտ թարմացել է 1997 թվականի օգոստոսի տասնչորսին, ինչն էլ առիթ է դարձել, որ Վ․ Սարգսյանն իր մի շարք մտերիմների և ռուսական զորքերի հրամանատարներից Ալեքսեյ Տրետյակովի հետ գնացել է Սևան, որտեղ չորս ու կես ժամ շարունակ լողացել է՝ կտրել-անցնելով Սևանը։
Նա այդ քայլն արել է՝ ի պատասխան Էլչիբեյի ժամանակին արված հոխորտանքի։ Ամեն տարի այդ օրը Սմբատ Հակոբյանի նախաձեռնությամբ Սևանի ափին է հանձնվում ծաղկեպսակ։