ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին և արդյունքներն արդեն հայտնի են․ Գորիսում թեժ պայքարի արդյունքում հաղթանակը տարավ Առուշ Առուշանյանը։
Այս ընտրություններն անախադեպ էին այն առումով, որ քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը կալանավորված էր։ Նա քարոզարշավին ֆիզիկապես ներկա չի եղել և այժմ էլ առանց ֆիզիկապես ներկա լինելու գործողությունների ընթացքին՝ ընտրվեց Գորիսի քաղաքապետ և շարունակում է մնալ կալանքի տակ։
Ընտրությունների արդյունքները պարզ լինելուց հետո Առուշանյանի պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը, շտապել է բանտախուց՝ ուրախալի լուրը հայտնելու նորընտիր քաղաքապետին։ Պաշտպանի խոսքով Առուշանյանը լուրն ընդունել է շատ զուսպ, համեստ, ինչպիսին որ իր տեսակն է։
Նորընտիր քաղաքապետը նաև հավելել է, որ սա հաղթանակի սկիզբն է։ Նոյեմբերի հինգին տեղի է ունենալու դատական նիստ, որի ժամանակ իրենք պատրաստվում են խափանման միջոցի փոփոխման հարց բարձրացնել։ Ալեքսանյանը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները և դատավարությունը միմյանց վրա չեն կարող ազդել։
«Անազատության մեջ գտնվելու պարագայում առաջին տեղակալն է իրականացնելու պարտականությունները, մինչև Առուշանյանի ազատումը»,- ասել է պաշտպանը։