Արթուր Խաչենցը առավել ճանաչելի դարձավ, երբ պատերազմի օրերին տեսանյութով հանդես եկավ, որտեղ խրոխտ, հայրենասիրական երգ էր («Գինի լից») երգում ընկերների հետ՝ չնայած նրան, որ Արթուրը մինչ այդ արդեն էկրաններին եղել էր։
Երիտասարդ երգիչը հարցազրույց է ունեցել։ Նա իրեն համեմատել է ծառի հետ, որը արմատներ չունի։ Նշել է, որ փակ, թե բաց աչքերով նա կարոտով հիշում է իր՝ տանից դուրս գալու տեսարանը։
Մինչ պատերազմը Արթուրն իր մասին ասում է՝ մի խենթ պատանի, ով զբաղվում է երաժշտությամբ, իսկ հիմա ասում է՝ մի երաժիշտ, որը ցավը պետք է երգի վերածի։ Երգչի օրը սկսվում և ավարտվում է երգով, որով էլ փարատում է սրտի ցավը։ Նշել է՝ պատերազմը չի հաղթահարել, այն դեռ ներսում է։ «Թույլ տվեք կոպիտ արտահայտվել՝ ինձ համար գերին հերոս չէ։
Ինքս գերի չէի հանձնվի, որքան կարողացել եմ՝ չեմ հանձնվել։ Գերիներին հերոս անվանելը հետագայում մեր սերունդների համար մեծ բիծ է, կմտածեն, որ գերի հանձնվելը նորմալ է։ Ավելի լավ է զոհվել, քան դրանց ճանկն ընկնել», — ասել է Խաչենցը։
Նա նոր հիմնած «Հայի գեն» բենդով ցանկանում է բարեգործական համերգ ունենալ, որտեղ զետեղված են նոր երգեր՝ ստեղծված ցեղասպանությանը զոհ գնացած բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա։ Այժմ քսանչորսամյա տղան մտածում է ընտանիքի համար տուն կառուցելու մասին, անձնական կյանքը մի կողմ է մղվել։